Որդու ընկերոջը`12-ամյա Մարտին Բալյանին ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանի դեմ բողոքը Բալայանները ոստիկանությունից հետ են վերցրել։ Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Մխիթար Սարգսյանը, այս տեղեկությունը հաստատեց նաեւ Լալա Բալայանը՝ ծեծի ենթարկված 12-ամյա Մարտինի մայրը։

«Բողոքը հետ եմ վերցրել, ներել եմ իրեն։ Ասում էի՝ պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց չկարողացա։ Ամեն օր իրեն եւ երեխաներին բակում տեսնելով՝ խիղճս տանջում էր, հետո ինքը ներողություն է խնդրել, զղջացել է, այդպես ներեցի»,-ասաց Լալա Բալայանը։

Մխիթար Սարգսյանը  մեզ հետ զրույցում նշեց՝ չնայած որ Բալայանները բողոքը հետ են վերցրել, քրեական գործը դեռ չի փակվել, քննությունը շարունակվում է։ 

Նշենք, որ Մխիթար Սարգսյանը ներողություն է խնդրել ծեծի ենթարկված Մարտին Բալյանի հարազատներից։ Մինչեւ վերջերս նրանք անդրդվելի էին, ասում էին, որ իրենք բողոք չեն ներկայացրել ոստիկանություն, բայց եթե քրեական գործ է հարուցվել, թող Մխիթարը գնա եւ իր «դատ ու դատաստանը» տեսնի։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում 12-ամյա երեխայի ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

12-ամյա երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 12-ամյա Մարտին Բալյանին բակում ծեծի էր ենթարկել ընկերոջ հայրը՝ 36-ամյա Մխիթար Սարգսյանը, որին երեք տարվա ազատազրկում է սպառնում: