Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղից էր:
Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 20-ամյա Սիմոնը գարնանը պետք է զորացվեր։
Սիմոնն ավագ եղբայր ունի, որն այս պահին հոր հետ ՌԴ-ում է: «Եղբայրը ծառայությունն ավարտել է, հոր հետ գնացել է արտագնա աշխատանքի, էս ձմռանն էլ չէին կարողացել գալ: Տանը Սիմոնի մայրն ու տատն են հիմա»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը: