News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից ցեղասպանությունների պատմության ժխտումն անհեթեթ է: Այս մասին Բանգլադեշի անգլալեզու The Daily Star պարբերականում հրապարակված հոդվածում գրել է ճարտարապետ Ադնան Մորշեդը: Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Անկարան Բեռլինից հետ կանչեց իր դեսպանին:

Ծանոթ պատմություն է, այնպես չէ՞: Թուրքիան հետ կանչեց նաեւ Բանգլադեշում իր դեսպանին՝ ռազմական հանցագործի մահապատժից հետո (ծայրահեղական իսլամիստ Մոտիուր Ռահման Նիզամիի - խմբ.): Այս դեպքում Էրդողանն արհամարհական վերաբերմունք ցուցաբերեց 1971 թվականին Բանգլադեշում իրականացված ցեղասպանության հանդեպ:

Չեմ ուզում Թուրքիայի հոգեվերլուծությամբ զբաղվել, երբ խոսքը վերաբերում է ցեղասպանությունների պատմությանը: Բայց հետաքրքիր է, թե ինչպես են հայերի եւ բանգլադեշցիների համար ընդհանուր այդ իրադարձություններն ազդում նրանց ազգային ինքնության վրա: Առավել հետաքրքիր է այն, որ Դաքքայում հայերի պատմության հետքեր կան: Փորձեմ այն ներկայացնել հին Դաքքայի Տաճարների փողոցում գտնվող հայկական Սուրբ Համբարձման եկեղեցու օրինակով:

Եկեղեցին համեստ է, բայց նրա պատմությունը հայերի կյանքի հարուստ խճանկարն է՝ կազմված Արեւելյան Բենգալում նրանց առեւտրական, կրթական, քաղաքական գործունեությունից:

Խրթին իրադրությունը հայերին ստիպել է դիմակայել, նաեւ գործարար եւ միջնորդական ունակություններ ձեռք բերել: Հայերն ուր էլ գնացել են վաճառականությամբ զբաղվելու, ամենուր սովորել են տեղի լեզուն (ի տարբերություն ասիացի եւ եվրոպացի մյուս վաճառականների): Դա նրանց օգնել է շփվել անմիջապես ապրանք արտադրողների հետ:

Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են հայերը Դաքքա եկել: Իհարկե, որոշ պատմաբաններ ենթադրում են, որ XVII դարի սկզբին նրանք արդեն ժամանել են Բենգալ, ամենայն հավանականությամբ՝ Պարսկաստանից, որտեղ շահ Աբբասն առեւտրային Ջուղա քաղաքից շուրջ 300 հազար հայերի տեղափոխել է Սպահանի արվարձաններ, որը հետագայում հայտնի է դարձել որպես Նոր Ջուղա:

Մոնղոլական կայսրության պալատական պաշտոնական լեզուն պարսկերենն էր: Այդ պատճառով Պարսկաստանից հայերը դյուրությամբ հարմարվեցին նոր միջավայրին: Տեքստիլի առեւտրով զբաղվելու հմտությամբ հայտնի հայերը բնակություն հաստատեցին Դաքքայում՝ բարձրորակ տեքստիլի առեւտրի կենտրոններից մեկում, զգալիորեն զարգացնելով քաղաքի առեւտրային կյանքը:

Բացի տեքստիլից եւ մետաքսի հումքից՝ հայերը սկսեցին զբաղվել նաեւ աղի, ընկույզի առեւտրով, իսկ XIX դարի սկզբից Բենգալում թեյ էին տարածում: Երբ XVIII դարի վերջին բրիտանացիներն իրենց ձեռքը վերցրին կտորեղենի առեւտուրը, հայերը սկսեցին ուշադրություն դարձնել հողի առքուվաճառքին՝ դառնալով խոշոր եւ հարուստ հողատերեր: Նրանցից են Աղա Արաթուն Միքայելը, Աղա Սարգիսը, Նիկոլաս Մարգար Պողոսը:

Հայերը Դաքքայի բնակիչներին ծանոթացրին նաեւ ձիասայլին, որը մինչեւ XX դարի սկիզբը քաղաքի հիմնական փոխադրամիջոցն էր: Բացի այդ, հայերը քաղաքում արեւմտյան տիպի առաջին հանրախանութը բացեցին:

Հայերի ազդեցությունը միայն առեւտրով չի սահմանակվել: 1848 թվականին Նիկոլաս Պողոսը քաղաքում առաջին մասնավոր դպրոցն է հիմնում: Այն մինչեւ հիմա համարվում է ամենահեղինակավոր կրթական հաստատությունը Հին քաղաքում:

Դաքքայի հայ համայնքը համեմատաբար մեծ չէ, բայց մեծ ազդեցություն է ունեցել տեղական եւ տարածաշրջանային առեւտրի վրա:

Հիմնականում նրանց բնակվել են Հին Դաքքայի Արմանիտոլա թաղամասում՝ կոչված այն գաղութի անունով, որտեղ նրանք ժամանակին ապրել են:

Դաքքայի հայերի մեծ մասը բնակվել է Հին քաղաքի՝ եվրոպական ոճով առանձնատներում: Համայնքի կրոնական կյանքի կենտրոնը Սուրբ Համբարձման տաճարն էր՝ կառուցված 1781 թվականին, նախկին մատուռի եւ գերեզմանի ավերակների վրա:

Եկեղեցու համար տարածք է նվիրաբերել Աղա Մինասը, որի կինը մահացել է 1764 թվականին եւ հուղարկավորվել եկեղեցում:

Դժվար է չկարեկցել հայերին, հատկապես՝ նրանց եւ մեր «մոռացված» ցեղասպանությունների լույսի ներքո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ