Վարչապետի հրաժարականը հետեւանք է վարչախմբի սուր ճգնաժամի, որի մեջ գտնվում է եւ որից ելքեր է փնտրում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործողություններին օժանդակելու համար մեղադրվող Ալեք Ենիգոմշյանը:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, կառավարության ու վարչապետի փոփոխություն կլիներ, սակայն այդ փոփոխությունը արագացավ «Սասնա ծռերի» գործողության արդյունքում: «Սա երկու բան է նշանակում. մի կողմից Սերժ Սարգսյանն ուզում էր, ինչպես միշտ, կոսմետիկ փոփոխություններ անելով, ինչ-որ մեկին հանելով, մեկ ուրիշին նշանակելով տպավորություն ստեղծել, որ փոփոխություն է տեղի ունենում, ինչը բոլոր պարագաներում էլ ձեւական է եղել: Բայց այսօր ինքը այդ անհրաժեշտությունն ունի, որովհետեւ շատ լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Մոտ ապագայում ականատես կլինենք բյուջեի հետ կապված լուրջ խնդիրների, որոնց լուծումները չեն գտնվում: Չնայած բարդ վիճակին, նրանք փորձելու են պատրաստվել 2017-ի ընտրություններին, եւ որքան շուտ սկսեն պատրաստվել, կարծում են, որ իրենց համար շահավետ կլինի:
Այս ամենը մտահոգիչ չէր լինի, եթե չլիներ այն հանգամանքը, որ որպես նոր վարչապետ նշվում է Կարեն Կարապետյանի անունը: Այստեղ խոսքը անձին չի վերաբերում, այլ այն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ անձնավորությունը: Նա Մոսկվայի պաշտոնյան է, մենք այսօր արդեն հասել ենք այն փուլին, երբ Հայաստանի ինքնիշխանությունը եւս մի աստիճանով զիջում ենք, երբ Ռուսաստանի պաշտոնյան դառնում է Հայաստանի վարչապետ: Սա ավելի է լրջացնում վիճակը ապագաղութացման պայքարի առումով»,-ընդգծեց նա:





























