News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը: Նա խոսել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումներն ուժեղացնելու անհրաժեշտության մասին՝ Արցախում բաց պատերազմից խուսափելու համար։ Դիվանագիտական առաջընթացին, ըստ Սարգսյանի, խոչընդոտում է Ադրբեջանի նախագահը. Իլհամ Ալիեւը սպառնում է ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները։

«Նոր պատերազմի սպառնալիքը մշտական է ու կմնա այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը չհասկանա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իլհամ Ալիեւն ասում է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, եթե Հայաստանը բավարարի Բաքվի պահանջը: Ես ասել եմ, որ դա շանտաժ է, այլ ոչ թե փոխզիջման որոնում»:

Նա Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին կոչ է արել ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարի հարձակում սկսող կողմը: «Չեմ կարծում, թե նոր պատերազմը անմիջական վտանգ է, բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչի, երբ գործ ես ունենում անկանխատեսելի հարեւանի հետ»: Միջազգային հանրության ճնշումը եւ Բաքվի ու Երեւանի միջեւ սպառազինության հավասարակշռությունը մինչեւ վերջերս օգնել են, որ հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից: Ամեն դեպքում, նախագահը մտահոգված է, որ Ռուսաստանն Ադրբեջանին նորագույն սպառազինություն է մատակարարում:

Իսկ Փարիզում գտնվելու երկու օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրել է մի շարք հանդիպումներ ունենալ: Ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ էլ ցանկություն է հայտնել, որ ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում: Մեր երկիրը պատրաստ է ամեն պայման ստեղծել դրա համար:

Այսօր Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել նաեւ իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ, իսկ ավելի ուշ՝ Փարիզի ժամանակով 20։00-ին, Ֆրանսիայի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի պատվին պաշտոնական ճաշկերույթ է տրվելու:

Մարտի 8-ը Կարեն Կարապետյանի համար նշանավորվել է նախընտրական քարոզչությանն առաջին անգամ մասնակցությամբ: Հանրապետական կուսակցության թիմի հետ այսօր նա Արմավիրում էր: Վարչապետը բարձր տրամադրությամբ է հանդիպել արմավիրցիներին եւ, շարունակելով ձեւավորված նոր քաղաքական մշակույթը, ելույթն անեկդոտով է սկսել:

Արմավիրցիներին կոչ անելով ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի օգտին՝ Կարապետյանը բացատրել է, թե ինչու: Նախ՝ Հանրապետականի թիմը միակն է, որը կառավարման մեծ փորձ ունի, իրենց ծրագիրն իրատեսական է, իրենք նաեւ այն ուժն են, որը համարձակորեն խոսում է իր բոլոր թերությունների եւ ձեռքբերումների մասին: Կարեն Կարապետյանն այսօր Արմավիրում հագեցած աշխատանքային գրաֆիկ է ունեցել: Մինչ քարոզչական հավաքին մասնակցելը նա հասցրել է Էջմիածնի Մայր տաճարում մոմ վառել, հանդիպել էջմիածինցիների հետ, լինել Անկալիճ գյուղում եւ Մեծամորի ատոմակայանում: 

Պաշտպանության նախարարն էլ իր հերթին է գովաբանել Հանրապետական կուսակցության թիմն ու հպարտությամբ խոսել իրականացրած ծրագրերի մասին: Վիգեն Սարգսյանը վստահ է, որ ընտրության գնում են մի թիմով, որը մրցակից չունի:

Հանրապետական կուսակցության կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», Երեւանում «Ելք» դաշինքի հավաքի ժամանակ քննադատել է Նիկոլ Փաշինյանը: Նա նորից հիշել է ապրիլյան պատերազմի եւ տանկերի անորակ վառելիքի մասին:

Լուրջ տարաձայնություններից հետո «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանն էլ այսօր ասուլիս է հրավիրել եւ հայտարարել քաղաքական նոր հարթակ ստեղծելու մասին: Մարտի 15-ին տեղի կունենա այս նախաձեռնության առաջին համագումարը, որի ժամանակ էլ կհայտարարեն նոր քաղաքական ուժի անվանումն ու ծրագրային թեզերը:

Փոստանջյանն ուզում է համախմբել ամբողջ հայությանը: Նրան մտահոգում է հատկապես Հայաստանից դուրս ապրող, երկրի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից զրկված քաղաքացիների հարցը: Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Փոստանջյանը մեծ փոփոխություններ չի ակնկալում: Քարոզարշավին հետեւելով՝ համոզված է, որ անիմաստ է խոսել հավասար պայմաններով ընտրարշավի մասին:

Իսկ Երեւանի փողոցներում այսօր ծաղիկների առատություն էր. մարտի 8-ի կապակցությամբ Հայաստանի կոմունիստներն այսօր Հյուսիսային պողոտայում կարմիր վարդեր էին բաժանում կանանց՝ տոնական բարեմաղթանքներ շռայլելով: Ավանդույթը չի խախտել նաեւ Գագիկ Ծառուկյանը. Հանրապետության հրապարակում էլ կանգնած էր ծաղիկներով լի «Ծառուկյան» դաշինքի մեքենան:

Մարտի 8-ի առիթով կանանց շնորհավորել են նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն էլ անկեղծացել է. 1990-ականներին իր եւ մի քանի գործընկեր պատգամավորների ջանքերով է մարտի 8-ը հանվել հայաստանյան տոնացույցից: Խոստովանել է, որ այդ օրվա հետ կապված որոշակի բարդույթը փոքր տարիքից էր մնացել. մարտի 8-ին նրա ծննդյան օրն է:

Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրաչյա Քոչարի փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի են հայտնաբերել: 41-ամյա կինը ցած է նետվել շենքի 4-րդ հարկից: Կինը հարազատներին եւ քրոջ երեխաներին ուղղված երկտող է թողել՝ խնդրելով ոչ ոքի չմեղադրել իր քայլի համար: Նախնական տվյալներով՝ 41-ամյա Վարդուհին խոշոր պարտքեր է ունեցել: Հարեւանները պատմել են, որ պարտքերի պատճառով իր բնակարանը վարձով էր տվել եւ երկար ժամանակ այլ վայրում էր բնակվում: Նա ամուսնացած չէր, մենակ էր ապրում:

Արտարժույթի փոխարժեքի մասին. մարտի 8-ին դոլարի փոխարժեքը եղել է 486 դրամ, եվրոյինը՝ 514, ռուբլունը՝ 8 դրամ 37 լումա, ֆունտինը՝ 593 դրամ:

Մարտի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0+2, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ