News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

 NEWS am-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 16-ին ինքնասպանություն գործած «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի հետ:

Ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Արմեն Պետրոսյանի հետ:

Արմենի հետ ծանոթացել ենք 2004թ-ին Դուբայում: Ես Դուբայում նավթային ընկերություններից մեկում էի աշխատում: Այնուհետեւ սկսեցինք հանդիպել եւ մեկ տարի անց ամուսնացանք: Մեր աղջիկը` Կարինան ծնվեց 2006թ-ի հուլիսի 25-ին:

Իսկ ե՞րբ բաժանվեցիք:

Արմենն սկսեց ինձ ծեծել, հաճախ ալկոհոլ օգտագործել, կանայք հայտնվեցին նրա կյանքում, մի խոսքով, մեր հարաբերությունները չէին կայանում: Ես մեկնեցի Ռուսաստան, գրեթե մեկ տարի ամեն ինչ նորմալ էր. նա գալիս էր մեզ մոտ, ես աղջկաս հետ հաճախ մեկնում էի Հայաստան, միասին էինք անցկացնում արձակուդները: Հետո Դուբայում նա ինչ-որ խնդիրներ ունեցավ բիզնեսի հետ կապված, եւ մեզ ուղարկեց Սամարա, որ կարողանա հանգիստ զբաղվել բիզնեսով: 2008թ. փետրվարին աղջկաս հետ մեկնեցինք Սամարա: Մենք Արմենի հետ խոսեցինք եւ որոշեցինք, որ այդպես ավելի հեշտ կլինի:

Սակայն 2009թ-ին իմ եւ Արմենի միջեւ խնդիրներ ծագեցին թյուրիմացության պատճառով: Մարդիկ խաբել էին Արմենին: Սկսեցին հորինել ինչ-որ հիմարություններ իմ մասին, նա նույնիսկ չստուգեց ինֆորմացիան: Չգիտեմ` ինչից դրդված նա, ինձ համար անակնկալ կերպով, քանի որ մեր միջեւ հարաբերությունները նորմալ էին, առաջին անգամ փորձեց գողանալ Կարինային: Բայց Սամարայում ոստիկանները կանգնեցրեցին օդանավը, թռիչքը հետաձգվեց եւ Կարինային ինձ վերադարձրեցին: Այդ պահից սկսվեցին խնդիրները , ամբողջ տարին սարսափի մեջ անցավ: Ես հասկացա, որ այդպես չի կարող շարունակվել, քանի որ աղջիկը մեծանում էր մարտի դաշտում եւ դա ճիշտ չէր: Հասկանում եմ նաեւ, որ լավ կլինի, որ աղջիկս ունենա շատ հարազատներ: Ես միշտ նրանց հրավիրել եմ ինձ հյուր եւ ինքս հյուր գնացել նրանց:

2010թ. Նոր տարվա նախօրեին հերթական անգամ հարաբերությունները հարթելու նպատակով մեկնեցի իրենց մոտ հյուր դստերս հետ: Բայց Նոր տարուց 2 օր առաջ Արմենն ինձ շատ ուժեղ ծեծեց: Երեկոյան էր, նա ալկոհոլի ազդեցության տակ էր: Այնպես էր ծեծել, որ ուշագնաց էի եղել, երբ ուշքի եկա պառկած էի արյան մեջ հատակին: Այդ ժամանակ, ատրճանակի սպառնալիքի ներքո, ինձ հասցրեցին օդանավակայան եւ ստիպեցին հեռանալ Հայաստանից:

Դուք հավատո՞ւմ եք, որ Արմենն ինքնասպան է եղել, ինչպես նշում են իրավապահները:

Գիտեք, դժվարանում եմ ինչ-որ բան ասել, բայց որքանով ճանաչում եմ իմ ամուսնուն, կյանքում չեմ հավատա դրան: Միայն, եթե ալկոհոլի ազդեցության տակ եղած լիներ: Վերջին շրջանում մենք շատ էինք շփվում, ամեն օր 2-3 ժամ խոսում էինք, նա շատ բան էր հասկացել: Իր ուղարկված վերջին sms-ում ասում էր, որ ինքը ճիշտ չի եղել եւ ցանկանում է ամեն ինչ շտկել: Նա անընդհատ ասում էր, որ ցանկանում է բազմազանություն մտցնել հարաբերություններում: Նա ասաց, որ ինձ շատ է սիրում: Անընդհատ ուզում էինք հանդիպել, զրուցել, որ ինչ-որ կերպ շտկենք իրավիճակը: Նա ինչ-որ պլաններ, մտադրություններ ուներ ապագային ուղղված, այդ պատճառով տեղի ունեցածն ինձ համար անհավանական ու անսպասելի էր: Նա ինձ ասաց, որ կիրակի կզանգի ինձ: Իսկ հետո երեկոյան ինձ հայտնեցին դեպքի մասին լուրը:

Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա ծնողների հետ:

Նրա մայրը ինձ շատ վատ էր ընդունում, միգուցե ազգային պատկանելությունից ելնելով, բայց, ընդհանուր առմամբ, չգիտեմ ինչու: Նա շատ հաճախ կանգնում էր մեր միջեւ, Արմենը նույնիսկ թաքցնում էր մորից, որ մենք շփվում ենք: Երբ մենակ էինք մնում, ամեն ինչ նորմալ էր:

Իսկ որտե՞ղ եք գտնվում այս պահին:

Ներկա պահին Դուբայում եմ: Երբ 2009թ. մեզ մոտ խնդիրներ առաջացան, ամուսինս անօրինական կերպով, ինձ տեղյակ չպահելով Դուբայում ստանձնեց Կարինայի խնամակալությունը: Ես այդ մասին տեղեկացա 2010թ.` մեկ տարի անց, միանգամից մեկնեցի Դուբայ, վարձեցի իրավաբանի եւ Արմենի օգտին ընդունված որոշումը չեղյալ համարվեց: Դա հաստատեց նաեւ Գերագույն դատարանը: Քանի որ մենք ամուսնալուծված չենք, ապա խնամակալության մասին խոսք լինել չէր կարող:

-Հայաստանի ոստիկանությունը Ձեզ հետ կապ հաստատե՞լ է, զրուցե՞լ է, թե` ոչ:

Երբ Արմենի մահից անմիջապես հետո տեսա հրապարակումները, բնականաբար ամեն ինչ ցավագին ընդունեցի: Սակայն ոչ ոք ինձ չի զանգահարել, բայց այդպիսի բաներ են գրում: Ինքս գտա ոստիկանության հեռախոսահամարը, զանգահարեցի եւ ասացի, որ կան որոշալի հանգամանքներ, որոնց պատճառով ստիպված եմ գտնվել Արաբական Էմիրություններում:

Ի՞նչ պլաններ ունեք, մտադի՞ր եք վերցնել Ձեր դստերը:

Պետք է վերցնեմ դստերս, բնականաբար: Ինչ է, աղջկաս պետք է ո՞րբ թողնեմ:

Բնականաբար, ի՞նչ է աղջկան պետք է որբ թողնեմ: Այդպիսի պլանները միշտ եղել են, այդ իսկ պատճառով Էմիրություններում պայքարում էի խնամակալության համար, եւ գրեթե շահել էի դատական հայցը, մնում էր միայն ստանալ դատարանի որոշումը, գրեթե բան չէր մնացել:

Բնականաբար ես աղջկան կվերցնեմ եւ կփորձեմ նաեւ լավ հարաբերություններ հաստաատել իմ ամուսնու հարազատների հետ, քանի որ նրանք նույնպես իմ աղջկա ընտանիքն են:

Իսկ պայքարելո՞ւ եք ժառանգության համար, թե` ոչ:

Չեմ պայքարելու Արմենի ժառանգության համար. կա ամուսնուս կամքը, կա օրենք, գոյություն ունի կտակ: Թե ով ինչ է ցանկանում, դա բոլորովին կարեւոր չէ, ես եմ ուզում, թե ազգականները:

Ի՞նչ է Արմենը կտա՞կ է թողել:

Ես վստահ եմ, որ կտակ կա, դրա մասին Արմենը դեռ շատ վաղուց է ասել, երբ դեռ միասին էինք:

Ե՞րբ եք մտադիր գալ Հայաստան:

 Երբ լուծեմ փաստաթղթերի հետ կապված հարցերը, անմիջապես կգամ:

Հիշեցենք, որ ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5»-ը, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ տեղի ունեցածում, հնարավոր է, առնչություն ունի Արմեն Պետրոսյանի կինը: Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք չեն կարող հարցաքննել կնոջը, քանի որ նա ՀՀ քաղաքացի չէ եւ Հայաստանում չէ:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ