Հայաստանում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայտերի ընդունումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Եվրատեսիլի հայկական պատվիրակությունից: Բոլոր ցանկացողները հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել մինչեւ օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Այսպես, մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տեւողությամբ: Երգը պետք է լինի հայերեն լեզվով, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը երգի խոսքերի 25%-ի չափով: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները, եւ եթե նրանք չեն հանդիսանում հիմնական կատարողներ, այնուամենայնիվ պետք է մասնակցեն երգի կատարմանը, որպես բեկ վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008թ. սկսած կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին:

Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: Ձայնագրված բեկ-վոկալները Մանկական Եվրատեսիլում թույլատրելի են:Միջազգային եզրափակիչի մասնակիցներին (բացառությամբ պարողների եւ բեկ-վոկալիստների) կրկին մասնակցել մրցույթին չի թույլատրվում:

Եվրատեսիլի հայկական պատվիարկությունից հայտնեցին նաեւ, որ ձայնագրված երգը (CD կրիչով) , անձնագրի պատճեն, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալները ցանկացողները կարող են ուղարկել այս հասցեով` ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Մանկական Եվրատեսիլ 2012 :

Նշենք, որ  Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթող էր ճանաչվել Վրաստանից Candy խումբը, որի երգչուհիներից մեկն էլ հայուհի է` Աննա Խանչալյան: Իսկ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կկայանա  դեկտեմբերի 1-ին Նիդերլանդներում, քանի որ մրցույթն անցկացնելու հայտը շահել է այդ երկիրը: