News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Պարոն Ասատրյան, որպես տնտեսագետ, ինչպե՞ս կգնահատեք 2009թվականը:

2009թվականը, թերեւս, մեր նորագույն պատմության ամենածանր տարիներից էր, երբ գործ ունեցանք տնտեսական ծավալուն անկման հետ: Ընդ որում, դոլարային արտահայտությամբ՝ անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 30 տոկոս: Անցած տարվա արդյունքում մեր երկրի ՀՆԱ-ն կազմեց 3 տրլն 600 մլրդ. դրամ, այսինքն մոտ 12 մլրդ դոլար, այս տարի, նախնական արդյունքներով, տեսանելի է, որ շուրջ 3 տրլն է կազմում, այսինքն քիչ ավել 8 մլրդ դոլարից: Իհարկե, մեր տնտեսական պատմության ընթացքում մենք ունեցել ենք ավելի վատ տարի, դա 1992թվականն էր, բայց հիշում եք՝ ինչ տարի էր, մի տարի, երբ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությունն ընկավ բացարձակ շրջափակման մեջ, բոլոր ճանապարհները փակվեցին, երբ սկսվեցին լայնածավալ պատերազմական գործողություններ: Մեր նորագույն պատմության ընթացքում ծանր տարիներ ցավոք եւս ունեցանք, սակայն նման տնտեսական արդյունքներ այլեւս երբեք: 2009 տնտեսական տարին մեզ դաս է տվել եւ այսօր հարկ է նստել եւ շատ լուրջ մտածել պատճառների մասին: Իմ համար գոնե ակնհայտ է, որ հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր: Ճգնաժամը միայն առիթ էր, որ բացահայտվեն այն բոլոր ճեղքերը, այն չլուծված խնդիրները, որ առկա են մեր պետության, իրանականացվող տնտեսական քաղաքականության մեջ: Սրա մասին է վկայում նաեւ այն, որ մենք ռեկորդ ենք սահմանել. Չկա որեւէ երկիր, որ նման թվերով է բնութագրվի: Մեկ երրորդով ՀՆԱ-ի անկում, հավատացեք, շատ ծանր թիվ է:

2009թ. նոյեմբեր ամսվա կտրվածքով ՀՆԱ-ի 16 տոկոս անկում է արձանագրվել: Ի՞նչ անկմամբ կավարտենք այս տարին:

Դրամային արտահայտությամբ՝ տարվա արդյունքներով անկումը լինելու է 15-15,5 տոկոս: Սա հետեւանքն է մի պարզ երեւույթի: Սեպտեմբերին ունեինք 18 տոկոս անկում, հունվար-հոկտեմբերին՝ նվազեց մինչեւ 17, 5 տոկոս, նոյեմբերին նվազեց 16 տոկոսի: Բայց դա չի նշանակում, որ տնտեսության մեջ նշմարվել են դրական գործընթացներ: Նույն վիճակագրության թվերն են վկայում, որ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ եւս ունեցել ենք ՀՆԱ-ի նվազում 6,6 տոկոսով: Խոսել դրական միտումների մասին վաղ է, դեռ շատ վաղ է:

Ինչպե՞ս կգնահատեք կառավարության աշխատանքը, հատկապես, որ 2010թ. բյուջեով աշխատավարձերի, սոցվճարների բարձրացում չի նախատեսվում, մինչդեռ սպասվում է գազի եւ այլ ապրանքների սականգների աճ:

Եթե խոսքը գնում է ֆիսկալ քաղաքականության մասին ընդհանրապես, նախ կնշեի, որ այն համարժեք չէ ստեղծված իրավիճակին: Չեմ ուզում անդրադառնալ բյուջեի առանձին թե եկամտային կամ ծախսային հոդվածներին: Առկա է անկում, առկա է ճգնաժամ, եւ իշխանությունների գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն անկումը կանխելուն եւ տնտեսական աճ ապահովելուն: Մինչդեռ բյուջեն, ցավոք, չի տալիս այդ երաշխիքները:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ կառավարությունը 2010թ. դրամային էմիսիա իրականացնի:

Եկեք խուսափենք էմիսիա տերմինն օգտագործելուց, որովհետեւ երեւույթներն այլ բնութագրեր ունեն: Գալիք տարի եւս մենք գործ ենք ունենալու ծավալուն ճեղքվածքի հետ, այսինքն ըստ էության, կառավարությունը ծախսելու է չվաստակած գումարները: եթե էմիսիա ասելով սա նկատի ունեք, ապա այո: Այս երեւույթին կարելի է նաեւ այլ գնահատական տալ, անվանել ընդլայնողական քաղաքականություն: Իշխանությունները ցանկություն ունեն տնտեսական աշխուժություն մտցնել՝ ավելացնելով ծախսերը, այլ հարց է, թե ինչպե՞ս են իրականացվում այդ ծախսերը, ո՞ր ոլորտների վրա, ի՞նչ ուղղություններով: Արդյո՞ք այդ ծախսերը կտան իրենց արդյունքը: Ի վերջո, գաղտնիք չէ, որ մեր երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ: Արդյո՞ք այդ միջոցները չեն գնալու մեկ-երկու օլիգարխի գրպանը, մեկ-երկու տնտեսվարողի գրպանը:

2010թվականի համար կառավարությունը տնտեսական որոշակի աճ է կանխատեսել: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է լինելու 2010 թվականը:

Աճի մասին խոսելը այսօր վաղ է: Անգամ արտաքին դրական զարգացումների պայմաններում տարին մեր համար լինելու է դժվար: Առայժմ ձեւավորված նախադրյալները բավարար չեն տնտեսական աճը վերականգնելու համար: Ավելին, տնտեսական հնարավոր զարգացումների արդյունքում գործ ենք ունենալու բացասական ցուցանիշների, 1-2 տոկոս անկման հետ:

Ի՞նչ պիտի անի կառավարությունը:

Նախեւառաջ, պետք է փոխվի վերաբերմունքը: Կառավարությունը պետք է գիտակցի, որ մեր երկիրը կանգնած է համակարգային խնդիրների առջեւ, պետք է մտածի համակարգային փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին: Անհրաժեշտ է քաղաքական կամք, ձգտում պետք է լինի կտրուկ փոփոխություններ կատարել մեր կյանքի շատ ու շատ ոլորտներում: Այն քաղաքական համակարգը, որ ձեւավորվել է Հայաստանում, ի վիճակի չէ ապահովել երկրի առաջընթացը: Այն, որ Հայաստանում ձեւավորվել է օլիգոպոլ, օլիգարխիկ համակարգ, չի վիճարկում որեւէ մեկը: Շատերն են ասում, անգամ իշխանությունները, որ սա պետք է կազմալուծվի, քանդվի, հակառակ դեպքում տնտեսությունը չի կարգավորվի: Իսկ սրա հիմքը վերջին տասնամյակում ձեւավորված գործող քաղաքական համակարգն է: Միայն լուրջ համակարգային փոփոխությունների արդյունքում կարելի է հասնել մենաշնորհների կազմալուծմանը, կոռուպցիայի զսպմանը, որոնք արդեն հանդիսանում են քաղաքական համակարգի անբաժանելի մասն ու վերարտադրողը ու խեղդում են թե տնտեսության եւ թե ընդհանրապես մեր պետության ու հասարակության զարգացման որեւէ հնարավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ