Աշակերտին բռնաբարելու մեջ մեղադրվող Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, ուսուցիչ Ազատ Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 11-ին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նապոլեոն Օհանյանի գլխավորությամբ, իրականացվող դռնփակ դատավարության հերթական նիստը օգոստոսի 30-ին չի կայացել, քանի որ մեղադրյալի փաստաբանը հրաժարվել է իր պաշտպանյալից:
Ազատ Ղուկասյանի կինը` Կարինեն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ ամուսինը փաստաբան չունի, բայց շուտով կունենա, իրենք զբաղվում են այդ հարցով: Նիստերի դռնփակ լինելու պատճառով նրա ընտանիքի անդամները եւս շատ տեղեկություններ չունեն դատավարությունից, սակայն Կարինեի պնդմամբ` իր ամուսնու մեղավորությունը ապացուցող որեւէ փաստ չկա, որեւէ մեկը իր մասին վատ բան չի ասել:
Ինչ վերաբերում է Հարթաշենի գյուղեպտի անառակաբարո գործխողությունների մեկ այլ զոհի` 21-ամյա Աննա Մկրտչյանի մասին «Հետքի» հրապարակած տեղեկություններին, ով «երեխա է ունեցել նրանից եւ ծննդաբերությունից հետո նետել խոտերի մեջ», ապա գյուղապետի կինը նշեց. «Ես աշխատում եմ գյուղում որպես բուժքույր, Աննա Մկրտչյանը իր վարքով լկտի, անբարոյական, փչացածի մեկն է, դա ամբողջ գյուղը գիտի եւ գյուղապետը կարող է բնութագիր գրել եւ ամբողջ գյուղը ստորագրի: Ամեն օր նրան գերեզմաններում ծեծում են, նույնիսկ նրա մայրը ասում է` փչացած աղջիկ է, նրան թող տանեն կորցնեն: Նա այնքան փչացած է, ամիսը մի անգամ աբորտ է անում, ես շատ լավ գիտեմ` երեխան ումից է եղել, ով է ծննդաբերել, ով է իր մոտ կանգնած եղել այդ գիշերը, երեխային էլ ինքն է սպանել գիշերը, նույն պահին ես ու Ազատը Երեւանում հարսանիքում են եղել»,- նշեց նա: Նրա խոսքով` ամուսնու կալանավորումից երկու օր հետո Աննան մտել է իրենց տուն եւ ասել, թե «գնացել է գյուղից տասը ջահելի անուն տվել դատախազին, որ էդ մտավոր հետամնաց աղջկա հետ են եղել, բայց դրանից հետո գնացել է ցուցմունք գրել, թե Ազատը իր հետ է եղել»:
Իսկ ինչ վերաբերում է մյուս տուժողին` անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն, ում հետ կապը հերքել էր Ազատ Ղուկասյանը եւ նշել, որ նա մտավոր հետամնաց է, ապա կինը այս դեպքում եւս պնդեց, որ ամուսինը որեւէ կապ չի ունեցել նրա հետ: «Դա լրիվ սարքած գործ է իմ ամուսնու վրա, բայց շուտով ջրի երես է դուրս գալու ամեն ինչ: Ես չգիտեմ, թե ով է էս գործը սարքում իրա գլխին, երեւի` իր նախանձողները: Իմ ամուսինը 30 տարի աշխատռել է դպրոցում` մանկավարժ, տնօրեն, ամեն ինչ, ես այդ 30 տարվա մեջ չեմ լսել, որ ինքը մի երեխայի ձեռով կպնի»,- նշեց նա:
«Հոկտեմբերի 7-ին կլրանա մեկ տարին, ինչ ես ամեն գիշեր՝ ժամը 4-ին, արթնանում եմ եւ այլեւս չեմ կարողանում քնել: Հենց այդ գիշեր ու այդ ժամին ծնված նորածին տղայիս իմ ձեռքով նետեցի խոտերի մեջ»,- այդ մասին «Հետքին» պատմել է 21-ամյա Աննա Մկրտչյանը: Նա այս մասին հայտարարել է նաեւ օգոստոսի 23-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվող Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի գործով դատական նիստում: Աննան ասում է, որ իր երեխայի հայրը եղել է նույն մեղադրյալը: Ըստ Աննայի՝ իր եւ Ազատ Ղուկասյանի հարաբերությունների մասին գյուղում շատերն են իմացել, բայց այն մասին, որ ինքը երեխայի էր սպասում, անգամ մայրը չգիտեր: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր հարեւանի տնից ոսկեղենի գողության համար սկսեցին ինձ կասկածել: Այն ժամանակ ես 9-րդ դասարանում էի: Հիմա չգիտեմ էլ՝ այդ մեղադրանքն իրականում կար, թե նա էր հորինել, բայց մի օր ինձ կանչեց ու խոստացավ օգնել, որպեսզի գործը փակվի, եւ առաջարկեց գիշերով ոստիկանություն գնալ՝ իբր բացատրություն գրելու համար: Այնքան էի վախենում, որ կբանտարկեն, համաձայնվեցի, բայց մտքովս էլ չանցավ, որ անգամ Գորիս չենք հասնի… Երանի մի չորս տարի գնայի, բանտ նստեի, բայց էս մղձավանջը չապրեի: Դրանից հետո պարբերաբար հանդիպում էինք, այդ ժամանակ դպրոցը չէի ավարտել, անգամ վերջին զանգի շորերս առավ ու միշտ սպառնում էր: Խանդում էր, վախեցնում էր, որ հանկարծ որեւէ մեկին ոչինչ չպատմեմ: Գիշերվա կեսին զանգում էր, եթե հրաժարվում էի հանդիպել, ասում էր, թե գործը բացել կտա: Երբ հղի էի, հաճախ էի նկատում, որ այժմյան զոհը՝ անչափահասը, գյուղապետարան է գնում: Զանգում էի հեռախոսով, հարցնում էի, թե ինչու ես էդ էրեխուն կանչել, պատասխանում էր, թե թոշակի գործով է:Արգելեց անգամ, որ հիվանդանոցում ունենամ երեխայիս. գիշերով տանն ունեցա ու ինքս էլ իմ ձեռքով… Այդ մասին նա էլ էր տեղյակ: Եթե թողներ, հիվանդանոցում կունենայի, երեխան կտայի բժշկին, թող մեկը որդեգրեր: Բայց երբ պիտի ծնվեր երեխան, նա փախել էր Երեւան, էնտեղից էլ զանգեց, սպառնաց՝ կորցրու դրան»,- «Հետքին» պատմել է Աննան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, մեղադրվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ: Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ նման բան է եղել, նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ:
Նշենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ամուսնացած է, ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ:
Լուսանկարը` «Հետքի»




























