ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումների ընթացքում անհանգստություն են հայտնել` կապված քաղաքացիական օդանավերի դեպի Ղարաբաղ չվերթների հետ: Այս մասին ասվում է այսօր` մարտի 4-ին հրապարակված նրանց հայտարարության մեջ:
«Համանախագահները կրկին իրենց անհանգստությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական չվերթների եւ շփման գծում ուժի կիրառման վերջին դեպքերի առնչությամբ: Նրանք նաեւ քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդման գաղափարները: Համանախագահները առաջիկա շաբաթներին կայցելեն Ղարաբաղ, որպեսզի նախագահների հետ քննարկեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ համանախագահներ Իգոր Պապովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իեն Քելլին (ԱՄՆ) Փարիզում մարտի 2-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, իսկ մարտի 3-ին` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:




























