Նոյեմբերի 3-ի գիշերը Յարոսլավլի մարզը ենթարկվել է Ուկրաինայի հարձակմանը։ Մարզի ղեկավար Միխայիլ Եվրաևը նախ հայտարարել է անօդաչու թռչող սարքերի, ապա՝ հրթիռային վտանգի մասին։ Օդային հարվածի հետևանքների մասին նահանգապետը չի հայտնել, սակայն գրել է, որ ճանապարհահատվածներից մեկում փակվել է Յարոսլավլից Մոսկվայի ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը։ Տեղի բնակիչների նկարահանած կադրերի համաձայն, որոնք ուսումնասիրել է Astra-ն, հարձակման թիրախը Նովո-Յարոսլավլի նավթավերամշակման գործարանն էր («Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» ՀԲԸ-ի ՆՎԳ)։ Այն գտնվում է արդյունաբերական գոտում, որի մերձակայքում փակվել էր երթևեկությունը։ Ականատեսների լուսանկարներում ձեռնարկության տարածքում երևում է հրդեհի առնվազն հինգ խոշոր օջախ։

«Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ»-ը Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Ձեռնարկությունը պատկանում է «Սլավնեֆտ» ընկերությանը, որը հավասար բաժնեմասերով վերահսկում են «Ռոսնեֆտն» ու «Գազպրոմը»։ Գործարանը տարեկան վերամշակում է շուրջ 15 մլն տոննա նավթ և վառելիքով ապահովում Կենտրոնական ու Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգների տարածաշրջանները, մասնավորապես՝ Մոսկվան և Մոսկվայի մարզը։ Ձեռնարկության արտադրանքի սպառողների թվում են նաև օդանավակայաններն ու ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտները։ Սա աշնան սկզբից ի վեր արդեն երկրորդ հարձակումն է նավթավերամշակման գործարանի վրա։ Սեպտեմբերի 17-ին անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով գործարանում վնասվել էր նավթի վերամշակման կայանքը, որն ապահովում էր ձեռնարկության հզորության շուրջ 40%-ը։ Դրա հետևանքով նավթավերամշակման գործարանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։