ԱՄՆ-ն վերջնաժամկետ չի սահմանել իրանական խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Վերջնաժամկետ չկա։ Բայց մենք նրանց բացատրել ենք, թե մեզ ինչ է պետք։ Խոսքը նրանց միջուկային ծրագրի ոչնչացման մասին է։ Եվ նրանք չպետք է փորձեն այն վերստեղծել», - ասել է նա լրագրողներին Էնդրյուսի ռազմակայանում։
Վենսը նշել է, որ համաձայն է Թրամփի հետ այն հարցում, որ Իրանի հետ համաձայնության հասնելու բավական լավ հնարավորություններ կան։ Միաժամանակ փոխնախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն խնդրի լուծման այլ տարբերակներ էլ ունի, այդ թվում՝ ռազմական։
«Բայց մենք միանշանակ որոշակի առաջընթացի ենք հասել։ Կտեսնենք՝ հնարավոր կլինի՞ ավելիին հասնել», - հավելել է փոխնախագահը։





























