Նոյեմբերի 2-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հանդիպել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանի և ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Բուլղադարյանի հետ։

ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Միհրան Բուլղադարյանը ներկայացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կառուցվածքը, հիմնական գործառույթներն ու լիազորությունները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ու գործակալության գործունեությանն առնչվող հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել անձնական տվյալների պաշտպանության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը, անձնական տվյալների մշակման հիմնական սկզբունքներին, տվյալների մշակման համաձայնության ձևերին, ինչպես նաև տվյալների սուբյեկտների իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին։ Քննարկվել են նաև ոլորտում սպասվող ինստիտուցիոնալ փոփոխություններին առնչվող հարցեր։

Լիլիթ Աղաջանյանն իր հերթին ներկայացրել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկությունները, հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման գործընթացում երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքը և այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները։

Հանդիպման գործնական հատվածում իրավիճակային խնդիրների ներկայացման և քննարկման ձևաչափով ուսումնասիրվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործնականում հանդիպող խնդրահարույց դեպքերը, վերհանվել դրանց լուծմանն առնչվող հարցերը և քննարկվել հնարավոր մոտեցումները։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ուղղելու բանախոսներին իրենց հետաքրքրող հարցեր ու քննարկելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործնականում հանդիպող խնդիրները։

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի շրջանակում կազմակերպվող նման հանդիպումները նպատակ ունեն մասնակիցներին հնարավորություն տալու խորացնելու ոլորտային գիտելիքները, ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր ինստիտուտների գործունեությանը և քննարկելու իրավունքի պաշտպանության գործնական խնդիրները։

Աշնանային դպրոցի շրջանակում մասնագիտական հանդիպումները շարունակական բնույթ են կրում։