Ռուսաստանի Սեչենովի համալսարանի գիտնականները Մոսկվայի պետական համալսարանի, Ռուսատանի գիտությունների ակադեմիային առընթեր Վ. Ի. Վերնադսկու անվան երկրաքիմիայի և վերլուծական քիմիայի ինստիտուտի և «Պրորիվ» բաժնետիրական ընկերության գործընկերների հետ համատեղ պարզել են, թե ինչու կարող են լազերային ինտենսիվ ազդեցության դեպքում աղավաղվել ուրանի միացությունների լուսարձակման հիման վրա կատարվող վերլուծության արդյունքները։ Հետազոտողները ցույց են տվել, որ ուրանիլի բորբոքված զուգակցությունները սկսում են փոխազդել միմյանց հետ, ինչի պատճառով լյումինեսցենցիան ավելի արագ է մարում։ Այդ ազդեցությունը պետք է հաշվի առնել լուծույթներում ուրանի ճշգրիտ վերահսկման ժամանակ։

Նման հետազոտությունների համար կիրառվում է ժամանակային լուծունակությամբ լազերային սպեկտրոսկոպիա (TRLFS)։ Լուծույթը ճառագայթում են լազերային կարճ իմպուլսով, ապա չափում ուրանի միացություններին բնորոշ կանաչ լուսարձակման սպեկտրը և մարման ժամանակը, գրում է «Научная Россия»-ն։ Քանի որ ուրանի տարբեր քիմիական ձևերը տարբեր կերպ են «լուսարձակում» և ունեն բորբոքված վիճակի կյանքի տարբեր տևողություն, մեթոդը թույլ է տալիս որոշել, թե ինչ ձևով է ուրանը գտնվում լուծույթում։ Դա կարևոր է, մասնավորապես, միջուկային վառելիքի վերամշակման և ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու գործընթացներում։

Սակայն չափազանց ինտենսիվ բորբոքման դեպքում մարման չափվող ժամանակը կարող է դադարել արտացոլել միայն նյութի քիմիական հատկությունները։ Գիտնականները ենթադրել են, որ գրգռված մասնիկների բարձր խտության դեպքում դրանք սկսում են բախվել միմյանց և լրացուցիչ էներգիա կորցնել։

Այս վարկածը ստուգելու համար հետազոտողներն ուսումնասիրել են ուրանիլի սուլֆատային կոմպլեքսների մի շարք լուծույթներ՝ ուրանի տարբեր կոնցենտրացիաներով և մյուս բոլոր պայմանների նույնության դեպքում։ Որքան բարձր է եղել կոնցենտրացիան, այնքան ավելի ուժեղ է դրսևորվել մարման լրացուցիչ ուղին։ Ստացված կախվածությունը գծային է եղել. հենց այսպիսի պատկեր է կանխատեսում բորբոքված մասնիկների բախումային փոխազդեցության մոդելը։ Փոխազդեցության հաշվարկված արդյունավետ շառավիղը կազմել է 5,1 ± 0,5 անգստրեմ, այսինքն՝ համապատասխանել է մոլեկուլային մասշտաբներին։ Նույն հարաբերակցությունը հեղինակները ներկայացրել են նաև աշխատանքի գրաֆիկական սխեմայում։

«Լյումինեսցենցիայի կյանքի տևողությունը հաճախ օգտագործում են որպես ուրանի կոնկրետ քիմիական ձևի յուրօրինակ «մատնահետք»։ Մենք ցույց ենք տվել, որ հզոր լազերային բորբոքման դեպքում այդ ցուցանիշը կարող է փոխվել նույնիսկ առանց լուծույթի բաղադրության փոփոխության։ Ուստի արդյունքները ճիշտ համեմատելու համար կարևոր է վերահսկել ոչ միայն քիմիական պայմանները, այլև լազերի պարամետրերը»,- պատմել է Սեչենովի համալսարանի վերականգնողական բժշկության ինստիտուտի կլինիկական կենսաֆոտոնիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գլեբ Բուդիլինը։

Նմանատիպ ազդեցություն գիտնականները նկատել են նաև ուրանի ֆոսֆատային կոմպլեքսներ պարունակող լուծույթում, ինչը ցույց է տալիս, որ երևույթը չի սահմանափակվում մեկ կոնկրետ քիմիական համակարգով։ Հեղինակները նշում են, որ ապագայում հայտնաբերված կախվածությունը կարելի է փորձել օգտագործել նաև որպես ուրանի միացությունների կոնցենտրացիայի մասին տեղեկության լրացուցիչ աղբյուր, սակայն դրա համար առանձին հետազոտություններ և մեթոդի տրամաչափարկում կպահանջվեն։