Ղրղըզստանի հյուսիսի ոսկու խոշորագույն «Կումտոր» հանքավայրում սկսված անկարգությունները հասել են երկրի մյուս շրջաններ: Հարավում՝ Ջալալ Աբադ քաղաքում, հյուսիսցիներին աջակցող ցույցի մասնակիցները զավթել են մարզպետարանի շենքը:
«24.kg» գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ շենք է ներխուժել 200 մարդ, նրանք ներս չեն թողնում կառավարության ներկայացուցիչ Ժուսուբալա Թորոմամատովին: Նրա փոխարեն «ժողովրդական նահանգապետ» են նշանակել ոմն Մեդետ Ուսենովի՝ «Էլ ունու» ընդդիմադիր շարժման համակարգողին: Դեպքի վայրում կա 200 ոստիկան, որոնք ցուցարարներին կարգուկանոնի կոչ են անում, սակայն դեռ չեն ցրում նրանց: Մինչդեռ ՆԳՆ-ի մեկնաբանություններում նշում են, որ ցուցարարները չեն զավթել քաղաքի վարչական շենքը, նրանք պարզապես ներս են մտել, եւ նրանց հետ «բացատրական աշխատանք» է տարվում:
«Ռադիո Ազիտիկը» հաղորդում է, որ մի քանի ցուցարարներ նահանգապետի նստավայրի ուղղությամբ պայթուցիկ նյութով երկու-երեք շիշ են նետել:
Ջալալ Աբադի ցույցի մասնակիցները սատարել են հյուսիսի ցուցարարներին, ինչպես նաեւ «Աթա Ժուրթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներին ազատելու պահանջներ են ներկայացրել, նաեւ նախագահին ու վարչապետին հրաժարականի կոչ են արել:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին անկարգություններ էին սկսվել Ղրղըզստանիամենախոշոր «Կումտոր» ոսկու հանքում: Բողոքողները պահանջում էին չեղյալ հայտարարել կանադական Centerra Gold Inc. ընկերության հետ կնքած պայմանագիրը: Ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել է քսան մարդ, նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը արտակարգ դրություն է հայտարարել:




























