Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բացառել է առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց  Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը:

«Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել»,- ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին`  հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․«Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց. «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:

Հիշեցնենք, որ ըստ hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել: Հրապարակումից հետո թե Նավասարդ Կճոյանը, թե Տիգրան Սարգսյանը հերքել էին, թե ընկերություն ունեն գրանցած օֆշորային գոտում, իսկ գործարար Աշոտ Սուքիասյանը գլխավո դատախազին մի նամակ էր ուղարկել, որում ասել էր, թե ինքն է վարչապետի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի անունով ընկերություն գրանցել առանց վերջիններիս գիտության: