Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին տնային կալանքի է ենթարկվել, հաղորդում է եգիպտական «Ալ-Հայաթ» հեռուստաալիքը: Տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չկա:
Զինված ուժերն արգելել էին նախագահին եւ նրա շրջապատի անձանց լքել երկիրը դեռ հուլիսի 1-ի երեկոյան: Ըստ էության, «Մահմեդական եղբայրների» ղեկավարության բոլոր անդամները հայտնվել են տնային կալանքի տակ: Բացի այդ, զինվորականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Եգիպտոսի օդային եւ ծովային ելքերը:
Ուժային կառույցները նաեւ հրաման են ստացել ուժ կիրառել ժողովրդի եւ ցուցարարների պաշտպանության համար: Համապատասխան հրահանգը ստորագրել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմը:
Սինայի թերակղզում բանակն ու ոստիկանությունը բերվել են լիակատար մարտական պատրաստության, երբ տեղեկություն է ստացվել այնտեղ իսլամիստ ահաբեկիչների առկայության մասին:





























