Ֆրանսիայի իշխանությունները սեփական համակարգն ունեն, որով հետեւում են ինտերնետ օգտատերերին (ամերիկյան PRISM-ի նմանությամբ): Այս մասին հաղորդում է Le Monde թերթը՝ չբացահայտելով իր տեղեկատվության աղբյուրը:

Թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը (DGSE) երկրի ներսում եւ արտերկրից համակարգիչների միջոցով փոխանցվող տվյալներ է հավաքում: Մասնավորապես, նրանք հետեւում են Google-ի, Facebook-ի, Apple-ի եւ Yahoo!-ի օգտատերերին, ինչպես նաեւ գաղտնալսում են քաղաքացիների հեռախոսազրույցները:

Միաժամանակ, ըստ Le Monde-ի, DGSE-ի համար հասանելի են ոչ թե տեղեկությունների բովանդակությունը, այլ այն, թե ով, որտեղից եւ ում է ուղարկում տեղեկությունը: Լրտեսումը տեղի է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, բայց փաստացի, ինչպես նշում է թերթը, DGSE-ն կարող էր հետեւել սեփական բոլոր քաղաքացիներին, գրում է Lenta.ru-ն:

Պարբերականը նկատում է, որ տեղի օրենքներն արգելում են նման լրտեսական համակարգի ստեղծումը, պաշտոնապես այն գոյություն չունի: