Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման անդրադարձել է Նելսոն Մանդելայի առողջության մասին լուրերին: Ըստ նրա` պետության նախկին ղեկավարը գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում:

«Նա ստանում է լավագույն բժշկական օգնությունը` բարձրորակ մասնագետների կողմից, որոնք շուրջօրյա հերթապահում են նրա մահճակալի մոտ», - հայտնել է Ջեյքոբ Զուման:

Նախօրեին լուր էր հայտնվել, որ ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահի արհեստական շնչառության սարքը կարող են անջատել: Իբր բժիշկները հաստատել էին, որ Մանդելան գտնվում է «բույսի» կարգավիճակում, եւ  հիվանդի հարազատներին խորհուրդ էին տվել «չերակարացնել նրա տանջանքները», հաղորդում է ՆՏՎ-ն:

Նելսոն Մանդելան հիվանդանոցում էր հայտնվել հուլիսի սկզբին: Նրա վիճակը գնալով վատացել էր, եւ ստիպված էին եղել նրան արհեստական շնչառության սարք միացնել:  Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: