Այս տարվա նոյեմբերին Երեւանում կավարտվի ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինարարությունը, իսկ առաջին ծառայությունները կմատուցվեն 2014 թ. սկզբներին: Այդ մասին այսօր` հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյան:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաեւ ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այսօր աշխատանքային այց կատարեց կառուցվող կենտրոն: Այնտեղ էր նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին:
Ա. Խաչատրյանի տեղեկացմամբ` նորակառույց կենտրոնը հանդիսանալու է քաղցկեղի գերազանցության կենտրոնի ստեղծման փուլերից մեկը: Կենտրոնում տեղադրվելու են հետեւյալ սարքավորումները` ռադիոիզոտոպների արտադրության համար նախատեսված ցիկլատրոնը (Բելգիայից), ռադիոիզոտոպների արտադրության հիման վրա ռադիոգործարանի համար անհրաժեշտ սարքավորումներ (Իտալիայից), մոլեկուլյար ախտորոշման համար սարքավորումներ (Հոլանդիայից):
Երկրորդ էտապում կառուցվելու է ռադիոճառագայթային կենտրոն, իսկ երրորդում` հիվանդանոցային մասնաշենք: Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնը թույլ է տալու քաղցկեղը հայտնաբերել ամենասկզբնական փուլում, ինչը էապես հեշտացնում է բուժումը: Քանի որ սա տարածաշրջանում եզակի կենտրոն է, սպասվում է արտասահմանցիների մեծ ներհոսք:
Կենտրոնի շինարարությունը կարժենա մոտ 50 մլն դոլար, որի մի մասը ներդնում է կառավարությունը, մի մասը` Համաշխարհայն բանկը, մյուս մասը` մասնավոր ներդրումներ են:





























