Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ` սեպտեմբերի 10-ին, Ազգային Ժողովում փակ հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին է նվիրել իր հեղինակած գիրքը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արտաշես Գեղամյանը:
Նա, սակայն, հերքեց լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե ԱԳ նախարարին ասել է, որ իր գիրքը բաժանի դիվանագետներին` որպես ուղեցույց: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավորներից մեկի առաջարկին` ԱԺ-ում «գեղամյանական ընթերցումներ» կազմակերպելու մասին, ապա պատգամավորը նման բան չի լսել: «Ես բացարձակապես նման բան չեմ լսել, բայց եթե նման ճիշտ մտադրություն լինի, կնշանակի, այո, աշխարհաքաղաքական հարթությունից սկսել են կամաց-կամաց գլուխ հանել»,-նշեց նա:
Հարցին, թե միգուցե ինքներդ առաջարկեք «գեղամյանական ընթերցումներ» կազմակերպել ԱԺ-ում, պատգամավորը նեղսրտեց. «Բացարձակապես դրա կարիքը չկա, որովհետեւ իմ հեղինակած հոդվածը google-ով եթե «պոիսկ» տաք, 67 հազար արդեն այսօր ընթերցել են, 400 ինտերնետային կայքեր անդրադարձ են կատարել, շատ ավելի մեծ լսարանում քննարկումներ են կայացել, ըստ որում` աշխարհահռչակ փորձագետների կողմից նույնպես ընթերցվել եւ գնահատականներ են տրվել: Ձեր հետին մտքերը եւ հեգնանքը ես հասկանում եմ, ցանկանում եմ դուք էլ հասունության այն մակարդակը ունենաք, որ նման հարցերին լուրջ մոտենաք, հաջողություն»:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումն ԱԺ պատգամավորների հետ երեկ անցել է բավական թեժ մթնոլորտում։ «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ «գաղտնի» քննարկման ընթացքում ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, թե Եվրամիության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ արտաքին քաղաքական դեգերումներից հետո ՀՀ ԱԳՆ 15 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ Նալբանդյանը, պետք է անհապաղ հրաժարական տան։ «4 տարի միայն պրավալ եք տվել»,–ասել է նա։
«Ես էլ կարող եմ թվարկել Ձեր նախարար եղած ժամանակ պրավալները»,–դժգոհել է Նալբանդյանը։ «Դուք իմ պաշտոնավարման ժամանակ իմ դեսպանն եք եղել Ֆրանսիայում ու ոչ մի անգամ չեք դժգոհել»,–հիշեցրել է Արզումանյանը։ Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը հարց տալու փոխարեն իր գիրքն է նվիրել նախարարին, նույնիսկ խորհուրդ տվել այն բաժանել դիվանագետներին որպես ուղեցույց։ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը, չկորցնելով պահը, բարձրաձայն առաջարկել է առաջիկայում ԱԺ-ում Գեղամյանական ընթերցումներ կազմակերպել»,- գրել է «Ժողովուրդը»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:





























