Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի իր տեղից՝ ի նշան այդ կառույցի՝ «պատերազմները դադարեցնելու եւ հակամարտությունները կարգավորելու անկարողության դեմ բողոքի»:
Համապատասխան հայտարարությունը Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն տարածել է այն բանից հետո, երբ պետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել:
«Թագավորությունը կարծում է. որ Անվտանգության խորհրդին բնորոշ միջոցները, աշխատանքի մեխանիզմները եւ երկակի ստանդարտները նրան խանգարում են պատշաճ կերպով կատարել պարտականությունները համընդհանուր խաղաղության հասնելու գործում»,- հաղորդագրությունից մեջբերում է RBC-ն:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի հայտարարությունում Սիրիայի հարցի մասին ուղղակիորեն չի նշվում, սակայն ավելի վաղ սիրիացի ընդդիմադիրներին աջակցող երկիրը բազմիցս դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես է միջազգային հանրությունը լուծում Սիրիայի խնդիրը:
Սաուդյան Արաբիայից բացի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2014-2015թթ. ոչ մշտական անդամի տեղ են ստացել Չադը, Չիլին, Լիտվան եւ Նիգերիան: Այս պետությունները կփոխարինեն 2013թ. լիազորություններն ավարտող հնգյակին՝ Ադրբեջան, Գվատեմալա, Մարոկկո, Պակիստան եւ Տոգո:
Միաժամանակ, ոչ մշտական անդամների տասնյակում մինչեւ 2014թ. վերջ կմնան Ավստրալիան, Արգենտինան, Լյուքսեմբուրգը, Կորեայի Հանրապետությունը եւ Ռուանդան:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվող 10 ոչ մշտական անդամներից բացի Անվտանգության խորհրդում կան վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա:





























