Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում հոկտեմբերի 25-ին մահացած 28-ամյա Անի Դավթյանի մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը, դստեր մահվան մեջ մեղադրում է հիվանդանոցի բժիշկներին եւ պնդում, որ մինչեւ դեպքը դուստրը հղիության հինգուկես ամսվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալվարդ Խաչատրյանը։
«Հոկտեմբեր 24-ին, ժամը 14։20-ին, իմ աղջիկն իր ոտքով գնացել է հիվանդանոց, ունեցել է որովայնի սուր ցավ։ Էխոյի բժշկուհին ասել է՝ ոչ մի վտանգավոր բան չկա, իր գինեկոլոգը նայել է, ասել է՝ ոչ մի վտանգավոր բան չկա. ընկերքից մի փոքր պոկված է, դա էլ բոլորի մոտ լինում է, անցնում է։ Հետո նայում է, ասում է՝ փոքր պտղապարկը կախված է»,- պատմեց տիկին Ալվարդը՝ նշելով, որ դեռ այդ ժամանակ ինքը բժշկուհուն ասել է, որ եթե աղջկա կյանքին վտանգ է սպառնում, թող պտուղը հեռացնի։
Այնուհետեւ, ըստ Ալվարդ խաչատրյանի, դստերը կաթիլային են միացրել, եւ այդ ընթացքում Անին սնվել է, իրեն լավ է զգացել։
«Գիշերը 12-ի կողմերը ես գնացի, ժամը երկուսին զանգեցի, Անին լավ էր զգում, դրանից հետո է վատացել։ Մենք այդ ժամանակ կոնսուլտացիա արեցինք Երեւանի բժիշկների հետ, նույնիսկ այդ բժիշկները Սիսիանի բժշկուհու հետ խոսեցին եւ ասացին, որ մոր կյանքը փրկելու համար կարող են արգանդը հեռացնել, բայց իրենք նորից ասեցին, որ ոչ մի վտանգավոր բան չկա»,- պատմեց տիկին Ալվարդը։
Ըստ Ալվարդ Խաչատրյանի՝ Անիի ինքնազգացողությունն ավելի է վատացել դեղ ներարկելուց հետո. սրտխառնոց է սկսվել եւ սրտի բաբախն է արագացել, սակայն նույնիսկ այդ ժամանակ բժշկուհին ասել է՝ ոչինչ չկա։
«Առավոտյան ժամը 6-ին գնացել եմ հիվանդանոց, Անին ասում էր՝ մամա, ես լավ չեմ։ Էխոյի բժիշկ ենք բերել, ասեց՝ խնդիր չկա, թերապեւտ բերեցինք, ասեց՝ խնդիր չկա։ Ասեցին, որ կարող է ենթաստամոքսային գեղձից լինել այդ պրոբլեմը, էն էլ հիվանդանոցում լաբորատորիայի բժիշկ չկար, որ անալիզները նայեր։ Ասեցի՝ երեխուն հասցրեք Երեւան, ասեցին՝ ռեանիմոբիլը տեղում չի, գլխավորին Երեւան է տարել»,- պատմեց վրդովված կինը։
Ուլտրաձայնային երկրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ պտուղը մահացել է, հոկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 11-ի մոտ պտղին հեռացրել են, ինչից հետո Անիի որովայնի շրջանում ուժեղ ցավեր են սկսվել, մայրը նորից է կանչել բժշկուհուն։
«Բժշկուհին ասեց՝ ոչինչ, արգանդը կրճատվում է։ Անին ասեց՝ մեջքս թրջվում ա, բացեցինք, տեսնենք՝ արյունակոլոլ ա, ասեցի՝ էրեխեն սառում ա, արյունն էլ ա սառում, ինձ այդ ժամանակ ասեցին՝ դուրս արի, խանգարում ես»,-ասաց տիկին Ալվարդը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցում արյուն չի եղել, իրենք են Գորիսից 3 լիտր արյուն բերել դստեր համար, նաեւ 2 լիտր արյուն՝ Երեւանի արյան փոխներարկման ինստիտուտից։
«Ժամը 2-ի կողմերը Անիին տարել են վիրահատարան, մեզ թույլ չեն տվել մտնել։ Ասեցինք՝ բրիգադա պահանջեք «Էրեբունիից», ոչինչ չեն արել, մեզ էլ խաբում, ասում են՝ պահանջել ենք։ Բրիգադան էնքան ուշ ա հասնում, որ իմ աղջիկն արդեն չի լինում։ Բժիշկներն են մեղավոր, իրենց անգիտակից լինելու պատճառով այսպես եղավ, իրանք չհասկացան՝ ինչ էր կատարվում,»,-ասաց տիկին Ալվարդը՝ նշելով, որ դուստրը ոչ առաջին, ոչ երկրորդ հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել, նույնիսկ 3 օր առաջ եղել է հերթական ստուգման, ասել են՝ ոչ մի խնդիր չունի։
Ալվարդ Խաչատրյանը դիմելու է հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, առողջապահության նախարարին եւ բոլոր հնարավոր ատյաններին՝ մեղավորներին գտնելու եւ պատժելու համար։
«Մեզ չեն ասել, թե ինչի պատճառով աղջիկս մահացավ, որեւէ պատճառ չեն ասել։ Հազար անգամ ասեցի՝ նույնիսկ արգանդը հեռացրեք, ինքը երեխա ունի։ Հիմա ի՞նչ պատասխան ենք տալու նրա երեխային»,-ասաց տիկին Ալվարդը։ Նշենք, որ սա Անիի երկրորդ հղիությունն է, նրա որդին երկուսուկես տարեկան է։
Հիշեցնենք, որ ըհստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության, Անի Դավթյանը հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























