Թուրքիայում Հռոմի պապի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը ներկա կլինի նաեւ Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: Կաթոլիկների հոգեւոր առաջնորդը, նրա խոսքով, նոյեմբերի 28-ին ժամանել է Թուրքիա:
«Սա նրա առաջին այցն է Թուրքիա: Ստամբուլում նրա այցը կշարունակվի միջեկեղեցական մակարդակով՝ Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով», - նշել է Արա Գոչունյանը: Նա հավելել է, որ Անկարայում Հռոմի պապը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վերջինս Պապին կընդունի նախագահական պալատում:
«Բոլոր հանդիպումներին ներկա է լինելու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այդ առթիվ պաշտոնական ընդունելությանը հրավիրված է նաեւ Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Երեկոյան Նորին Սրբազնությունը կվերադառնա Ստամբուլ», - ընդգծել է Գոչունյանը:
Նոյեմբերի 29-ին, ըստ Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագրի, Հռոմի պապը կհյուրընկալվի ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմում: Սակայն, հաշվի առնելով Կոստանդնուպոլսի թեմի առաջնորդ Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրները, նշել է Արա Գոչոնյանը, Հռոմի պապին կընդունեն «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցում, որտեղ վերջինս կաղոթի նրա առողջության համար: