Ի հեճուկս Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին՝ Ավստրիայի եւ ՌԴ-ի միջեւ տեխնիկական համագործակցության  նախագծերից եւ ոչ մեկը կասեցված չէ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ավստրիայում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Յուրի Ստեցենկոն` միաժամանակ խոստովանելով, որ որոշ նախագծեր կասեցվել են կամ վերաձեւակերպվել:   

«Ավստրիայի ընկերություններն սկսել են մտավախություններ ունենալ, որոնք պատահական չեն, քանի որ կան որոշակի գործողություններ ԱՄՆ իշխանությունների եւ ԵՄ կողմից: Որոշ ընկերություններ ուղղակի պահանջներով հեռախոսազանգեր են ստանում՝ կասեցնել բարձր տեխնոլոգիաների հանձնումը:  Համագործակցությունը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ավստրիացիների շահերին. Ռուսաստանում աշխատում են շատ խելացի մարդիկ, եւ Ավստրիան շահագրգիռ է նորարարական գաղափարներ ստանալ», - ասել է Ստոցենկոն:

Մյուս կողմից, ըստ նրա,  Ավստրիան ուժեղ է իր տեխնոլոգիաներով, այդ պատճառով էլ «եթե միավորել ռուսական ուղեղներն ու ավստրիական տեխնոլոգիաները, ապա կարելի է ստանալ մի շարք առաջնակարգ ապրանքներ, որոնք պահանջված կլինեն համաշխարհային շուկայում: Այնպես որ  մտավախություններ կան, սակայն նախագծերից ոչ մեկը չի կասեցվել»: