Երեւանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Ուկրաինայում, Սիրիայում եւ Իրանում տիրող իրավիճակը: «Ես կարծում եմ, որ մենք հիմա Ձեզ հետ կքննարկենք այդ աշխատանքի հետագա առաջարկները: Մենք ունենք նաեւ մի շարք այլ հարցեր, որոնք նախատեսում ենք քննարկել»,-ասել է Օլանդը երկկողմ հանդիպման ժամանակ՝ խոսելով մինսկյան պայմանավորվածությունների իրականացման մասին:
Նա հավելել է, որ նախատեսում է քննարկել Սիրիայի, Լիբիայի ու Իրանի իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Օլանդին քննարկել մինսկյան պայմանավորվածությունները: «Ես գիտեմ, որ Դուք շատ բան եք արել, որպեսզի այդ համաձայնությունները ձեռք բերվեն, եւ անընդհատ դրան ուշադրություն եք դարձնում»,-ասել է Պուտինը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահն արձանագրել է, որ «Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները լավ վիճակում չեն գտնվում, ապրանքաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում Ֆրանսիայի հետ, ինչը ցավալի է: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր հարաբերությունները վերականգնելու համար»,-ընդգծել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ մտադիր է Օլանդի հետ քննարկել ռուս-ֆրանսիական եւ ՌԴ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: