«Ոչ թալանին» նախաձեռնությունը չի պառակտվել: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասացին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
«Կարծիքները 2 խմբի բաժանվեցին, ցուցարաների մի մասը որոշեց մնալ Բաղրամյանում, իսկ մյուս մասը իջավ Ազատության հրապարակ:Ոչ մի պառակտում չկա, մեր թիմը հիմա ուղղակի մի փոքր այլ աշխատանքով է զբաղվում»,-ասաց նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:
Նախաձեռնության անդամը նշեց, որ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը Բաղրամյան պողոտայում փորձեց բացատրել, որ ցուցարարների մի մասը մնա Բաղրամյանում, իսկ այն մասը, որոնք չեն տեսնում իրենց Բաղրամյանում շարունակեն իրենց պայքարը Ազատության հրապարակում,սակայն դա սխալ ընկալվեց շատերի կողմից:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն էլ նշեց, որ իրենք իրենց պայքարը պետք է այլ հարթությունում շարունաեկն, քանի որ Բաղրամյան պողոտայում պայքարը արդյունք չէր տալիս:
«Մենք երկար եղանք Բաղրամյանում, սակայն անընդհատ լինել տարածքում բավական բարդ է, քանի որ այլ տեսանկյունից չէինք տեսնում շարժումը: Անընդհատ փողոց փակելով մենք արդյունքի չենք հասնի, պիտի այլ հարթակում պայքարը լիներ, մեզ պետք են կոնկրետ մասնագետների խորհուրդներ, մեզ պետք է հասկանալ ինչ մանիպուլյացիա երկրի ղեկավարը արեց, արդյոք էստեղ կա որեւէ կառչելու տեղ, թե սա զուտ աբսուրդ էր»,-ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որ ժողովուրդը որոշում կայացնի, ոչ թե նախաձեռնությունը:
«Մենք պայքարում ենք նրա համար, որ ժողովուրդը որոշի, ժողովուրդն է թալանվում եւ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա քայլը, արդյոք այդ աուդիտը կտա մեզ ինչ-որ արդյոք: Իրականում ստեղծվել էր կմի իրավիճակ, որ Բաղրամյանում նստած վիճակում բավականին լճացված վիճակ էր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: