Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» շարժումն իշխանությունների կողմից անբռնելի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, այնուամենայնիվ, որ շարժումը հետագա գործողությունների ծրագիր չունի:
«Այս շարժումը շատ պոզիտիվ եւ անբռնելի է եղել իշխանությունների կողմից: Շարժման վրա ձեռք բարձրացնելը մեծ պրոբլեմ է եղել, շարժումը բռնելն անհնար է եղել, որովհետեւ այն չունի առաջնորդ եւ լեգիտիմ է ճանաչվել նույնիսկ իշխանությունների կողմից: Բայց հիմա եւ Բաղրամյան պողոտայի հարթակը, եւ Ազատության հրապարակի հարթակը տեսանելի անորոշություն ունեն հետագա պայքարի առումով»,- ասաց վերլուծաբանը:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ կարեւոր չէ, թե շարժումը որտեղ կշարունակվի՝ Ազատության հրապարակում, թե Բաղրամյան պողոտայում՝ ընդգծելով, որ Բաղրամյան պողոտան օրեր շարունակ փակելը ոչ թե շարժման հաղթանակի գրավականն է, այլ նվաճումներից մեկը:
«Միամիտ պետք է լինել, որ հավատալ, թե տեղը շատ կարեւոր էր շարժման հաղթանակի համար: Տեղը երբեք պետք չի ֆետիշացնել, որովհետեւ երկու տեղն էլ ունեն իրենց առավելությունները եւ իրենց թերությունները. ի վերջո շատ շարժումներ մարել են Ազատության հրապարակում, շատ շարժումներ էլ գլխատվել են Բաղրամյանում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ շարժման ընթացքը փոխեց ոչ թե ոստիկանության սպառնալիքները, այլ նախագահի հայտարարությունը, որ 6.93 դրամը ժամանակավորապես կսուբսիդավորվի կառավարության կողմից:
Վերլուծաբանի կարծիքով՝ շարժման հետագա կարեւորագույն խնդիրներն են միավորումն ու գործողությունների հետագա ծրագիր մշակելը:
Ստյոպա Սաֆարյանը նաեւ դատապարտեց հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ՝ դրանք համարելով անհամաչափ եւ անթույլատրելի:
Վելուծաբանը վստահ է, որ գոնե լրագրողների նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն անպայման կպատժվեն: