Սյունիքի մարզպետի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանը դիմել է ԱԱԾ-ին՝ պահանջելով իր բարեկամների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր պետք է իրենց դիմումի պատասխանը ստանան: Մեղադրյալի այս դիմումի շարժառիթը օրեր առաջ իր որդու խանութի վրա մարզպետի օգնականի կողմից կատարված հարձակումն է: Դրանից բացի՝ կողմը խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ դիմել է Վերաքննիչ դատարան: Նախաքննական մարմնին էլ մի շարք միջնորդություն են ներկայացրել՝ տարբեր ապացույցներ ներկայացնելու, տարբեր գործողություններ անելու վերաբերյալ:
Փաստաբանը շեշտեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը բացարձակ անհիմն է, որեւէ ապացույց չկա դրա հիմքում, գործով որպես մեղադրյալ ներգրավված 2 անձանց՝ Արա Բուդաղյանին եւ Վիտալիկ Մինասյանին նա ընդհանրապես չի ճանաչել, իսկ Հենրիկ Ավագյանը իր մանկության ընկերն է եղել: Դեպքի ժամանակ Գարեն Աթաջանյանի հեռախոսի գաղտնալսումների մասին պաշտպանական կողմը տեղեկատվություն, նման ապացույցներ չեն ներկայացվել, տրամադրված գաղտնալսումները վերաբերում են բավական ուշ ժամանակահատվածի: Նրա տանը կատարված խուզարկությամբ եւս գործին առնչվող ոչինչ չի հայտնաբերվել, բացի «մի պապենական թվի զենքից որը 20 տարուց ավել է չի օգտագործվել»: Գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացությունները ստացել են, Գարեն Աթաջանյանին վերաբերող ոչինչ չկա:
Վահան Հովհաննիսյանից տեղեկացանք նաեւ, որ իր պաշտպանյալի եւ մարզպետի հարաբերութունները նորմալ են եղել, նրանք մարտական ընկերներ են, որեւէ լարվածություն չի եղել եւ այս դեպքում նախաքննության խնդիրն է պարզել մահափորձի շարժառիթը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:





























