Էջմիածին քաղաքի 13-ամյա բնակիչ Լիանա Ասատրյանը, որն ի ծնե շաքարայի դիաբետ է ունեցել, սեպտեմբերի 10–ին մահացել է Վաղարշապատի բժշկական կենտրոնի ճանապարհին՝ «Շտապօգնության» մեքենայում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանը՝ ավելացնելով, որ դեպքի օրը երեխային հետազոտել է մանկական վնասվածքաբանը, ստացիոնար բուժման ուղեգիր է տվել աղջկա մորը, սակայն մայրը երեխային սնխչու մոտ է տարել, վերջինը մերսումներ է արել, ինչից հետո Լիանա Ասատրյանը կոմայի մեջ է ընկել:
«Երեխան դեպքից մեկ օր առաջ ինչ-որ միջոցառման է եղել, պարել է, եկել է, մորն ասել՝ երեկոյան ոտքս ցավում էր, հիմա ավելի է այտուցվել: Մայրը երեխային բերել է մեր մանկական տրավմատոլոգի մոտ, տրավմատոլոգին այդ այտուցը դուր չի եկել, ասել է՝ ռենտգեն արեք, տեսել է, որ ոսկրային շեղում չկա, դրանից ինքը վախեցել է, ուղարկել է ստացիոնար բուժման եւ ուղեգիր է ստորագրել: Մայրը որոշել է երեխային բժշկի փոխարեն սնխչու մոտ տանել, սնխչին սկսել է մասաժներ անել, երեխան կոմայի մեջ է ընկել, ինսուլին են այդ րոպեին արել, շտապօգնություն են կանչել, բայց մեքենայում երեխան մահացել է»,-ասաց պոլիկլինիկայի տնօրենը:
Լիլիթ Գասպարյանի խոսքով՝ Լիանա Ասատրյանը 2015թ. է հաշվառվել Վաղարշապատի պոլիկլինիկայում, մինչեւ այդ ընտանիքի հետ ապրել է Երեւանում եւ հաշվառված է եղել Երեւանի էնդոկրին դիսպանսերում: Ըստ նրա, մայրն ինքնուրույն է դստերը ինսուլին ներարկել, դեպքից տասն օր առաջ ինքնուրույն որոշում է կայացրել դադարեցնել ներարկումը՝ ասելով. «Աղջիկ երեխա է, հո, ամբողջ կյանքը ինսուլին չի՞ սրսկվելու»:
«Նախնական դատականը ոչ մի եզրակացություն չի տվել, բայց մտածում եմ, որ, ըստ երեույթին, երեխայի մոտ ինտոկսիկացիա է եղել, շաքարը շատ է բարձրացել, մայրը երեխային տասը օր ինսուլին չի ներարկել, իսկ այդ պարը նպաստել է, գուցե տրոմբ է եղել, սնղխու մասաժը տեղաշարժ է արել, երեխան կոմայի մեջ է ընկել եւ մահացել»,-ասաց Լիլիթ Գասպարյանը:
Նշենք, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության:





























