Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Էջմիածին քաղաքի 13-ամյա բնակիչ Լիանա Ասատրյանը մահացել է շաքարային դիաբետից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

13-ամյա աղջկա մահը վրա է հասել գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցից, որը հետևանք է «Շաքարային դիաբետի»: Ըստ փորձագետի՝ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ երեխայի մոտ ախտորոշվել էր «Շաքարային դիաբետ, 1-ին տիպ (ինսուլին կախյալ)», դիակի դատաբժշկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել են նշված հիվանդությանը բնորոշ ձևաբանական փոփոխություններ:

Դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ երեխան մահացել էր սեպտեմբերի 10–ին Վաղարշապատի բժշկական կենտրոնի ճանապարհին՝ «Շտապօգնության» մեքենայում:

Վաղարշապատի պոլիկլինիկայից NEWS.am-ին հայտնել էին, որ երեխան դեպքի օրը այցելել է իրենց հիվանդանոց, գանգատվել ոտքի ցավից, իրենք վնասվածքաբանի ուղեգիր են տվել, սակայն մայրը երեխային տարել է սնխչու մոտ, որը, իմանալով, որ երեխան շաքարային դիաբեդ ունի, մերսել է նրան, ինչի հետեւանքով աղջիկն ընկել է կոմայի մեջ: Սնխչին մեզ հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ աղջիկը տաքություն է ունեցել, այդ պատճառով ինքը նրան չի մերսել, հարազատներին հորդորել է տանել հիվանդանոց: Սնխչու ասածը հաստատել էր նաեւ երեխայի մայրը: