Էջմիածնում սեպտեմբերի 10-ին մահացած 13-ամյա Լիանա Ասատրյանի հայրը՝ Արտյոմ Ասատրյանը, պնդում է, որ դուստրն ի ծնե շաքարային դիաբետ չի ունեցել:
«Աղջկաս մոտ շաքարային դիաբետը հայտնաբերվել է այս տարվա մարտին: Իսկ դեպքի օրը երեխայիս ռենտգեն են արել Վաղարշապատի պոլիկլինիկայում, իրենց իսկ տրված փաստաթղթերով կարող եմ ապացուցել, որ աղջկաս ոտքը կոտրված է եղել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյոմ Ասատրյանը:
Նա հայտնեց, որ իրենք որեւէ բողոք չունեն եւ ոստիկանություն էլ չեն դիմելու:
Նշենք, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է Էջմիածնի 13-ամյա բնակչուհու դիակը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` 13-ամյա աղջնակի մահը վրա է հասել գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցից, որը հետևանք է «Շաքարային դիաբետի»:
Վաղարշապատի պոլիկլինիկայից էլ NEWS.am-ին հայտնել էին, որ Լիանա Ասատրյանը դեպքի օրն իրենց մոտ հետազոտվել է, մանկական վնասվածքաբանը ստացիոնար բուժման ուղեգիր է տվել աղջկա մորը, սակայն մայրը երեխային սնխչու մոտ է տարել, որը մերսումներ է արել, ինչից հետո Լիանա Ասատրյանը կոմայի մեջ է ընկել: Սնխչին, սակայն, հերքում է այդ տեղեկությունը:





























