ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը լուրջ անհանգստություն են հայտնել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ականանետերի եւ ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ: Այս մասին ասված է համանախագահների հայտարարության մեջ, որը նրանք տարածել են այսօր՝ սեպտեմբերի 25-ին:

«Նման զենքերի օգտագործումը հակամարտությունում անընդունելի էսկալացիա է առաջացնում: Մենք մեր խորագին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին` միջազգային սահմանի եւ շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ: Մենք կողմերին ամենավճռական կերպով կողմերին կոչ ենք անում՝ խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում»,-հայտարարել են համանախագահները՝ հիշեցնելով, որ Ժնեւի կոնվենցիայի համապատասխան կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը:

Միջնորդները ափսոսանք են հայտնել, որ այդ միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին: «Մենք ակնկալում ենք, որ նախարարները լուրջ երկխոսություն կունենան բռնության ծավալման եւ այն հարցերի շուրջ, որոնք կապված են բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հետ:

Այս պահին մենք չենք կարող վստահաբար որոշել՝ որտեղից է ծագել բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ուղղությամբ, ինչպես արդեն քննարկել են նախագահները: Մենք կշարունակենք մեր աշխատանքը կողմերի հետ ամենաբարձր մակարդակով՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը եւ կայուն ու խաղաղ կարգավորման հասնելու հարցում առաջընթաց գրանցել»,-ասված է հայտարարությունում: