Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում, որտեղ որոշվել է խաղողի բերքահավաքը դադարեցնել, բնակիչներին հնարավոր է՝ պետությունը փոխհատուցում տա:

Մեր տեղեկություններով՝ խաղողի այդ այգիներում 150-200 տոննա բերք կա, սակայն գյուղացիները չեն կարողանում խաղողը հավաքել, քանի որ այգիները գտնվում են հակառակորդի նշանառության տակ:

Մեզ հետ զրույցում Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը նշեց, որ ամսվա վերջին նորից կփորձեն բերքահավաքն իրականացնել:

«Մարդիկ պայմանագրեր ունեն, տեսնենք՝ ինչ կլինի: Եթե նորից չկարողանանք, ուրեմն պիտի որ պետությունը փոխհատուցում տա»,- ասաց գյուղապետը:

Ի դեպ, Տավուշի մարզպետարանը խոստացել է փոխհատուցել մարդկանց կրած նյութական վնասները:

Նշենք, որ հակառակորդն արդեն մի քանի օր է՝ կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: