Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով հուլիսի 27-ին կալանավորված՝ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, քիչ անց դուրս կգա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ խափանման միջոց կալանավորումը վերացվել է եւ րոպեներ անց իր պաշտպանյալը դուրս կգա ՔԿՀ-ից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տուժող կողմը նոր ցուցմունք է տվել, որտեղ հայտնել է, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել: Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել՝ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Նշենք, որ հուլիսին տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։
Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:





























