Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից դուրս գալուց, նաեւ խմբակցության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո արդեն 1 ամիս է՝ 4 պատգամավորները չեն կարողանում խմբակցության ղեկավար ընտրել:
Հաշվի առնելով, որ «Ժառանգություն» խմբակցության 4 պատգամավորներից միայն մեկն է «Ժառանգություն» կուսակցության անդամ՝ Զարուհի Փոստանջյանը, հավանական էր թվում, որ հենց նա էլ առանց լուրջ խոչընդոտների կդառնա խմբակցության ղեկավար, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվում:
Օրեր առաջ մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ ինքը նախօրեին համապատասխան դիմում է ներկայացրել Ազգային ժողով՝ խմբակցության ղեկավար նշանակվելու վերաբերյալ: Պարզվում է, սակայն, որ ԱԺ նախագահն ի գիտություն չի ընդունել դիմումը, քանի որ խմբակցությունը նիստ չի արել եւ միասնական որոշում չի կայացրել: Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության որոշումն օրինական ուժ կունենա, եթե առնվազն երեք պատգամավոր համաձայնություն տա: Մինչդեռ խմբակցությունն արդեն 1 ամիս է՝ չի կարողանում «իրար գլխի հավաքել» պատգամավորներին եւ որոշում կայացնել:
Մինչեւ խմբակցության ղեկավարի նշանակումը՝ նրա պարտականություններն ընկած են խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի վրա: Վերջինս Զարուհի Փոստանջյանի՝ Գալուստ Սահակյանին ուղղված դիմումի եւ խմբակցության ղեկավար նշանակվելու մասին տեղեկացել է մամուլից:
«Խմբակցությունը որեւէ նիստ չի արել, տարբեր տեսակետներով պատգամավորներ են, եւ միասին չեն հավաքվում, որ որոշում կայացնենք: Նիստի՝ լեգիտիմ լինելու համար գոնե 3 անձ պետք է մասնակցի դրան: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ վստահության մթնոլորտ ձեւավորվի խմբակցությունում: Ինքս չեմ փորձելու հանդիպում նախաձեռնել»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ որեւէ նիստի չի մասնակցել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ խմբակցությունն ունի 4 պատգամավոր, 4-ն էլ կարող են առաջադրվել եւ իրենք ընտրություն կանեն: Սա նշանակում է, որ Ռուբիկ Հակոբյանն, ըստ էության, չի բացառել, որ ինքը եւս կարող է առաջադրվել խմբակցության ղեկավարի պաշտոնի համար, որից հրաժարական է տվել վերջերս:
«Խմբակցության նիստը դեռ տեղի չի ունեցել: Այժմ խմբակցության ղեկավարի պարտականությունները կանոնակարգի համաձայն իրականացնում է խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, եւ խմբակցությունն իրականացնում է իր գործառույթները»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
«Ժառանգություն» խմբակցության մյուս անդամը՝ ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանը, նույնպես նիստի մասին ոչինչ չգիտի: Թե ում է ընտրելու, դեռ որոշում չունի: «Երբ նիստը կլինի, ես իմ որոշումը կհայտնեմ»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի հետ կապվել չհաջողվեց: Խմբակցության քաղաքային հեռախոսահամարով մեզ փոխանցեցին, որ Փոստանջյանը հանրապետությունում է, սակայն այս պահին խորհրդարանում չէ:
Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է կուսակցությունը լքելու եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին:





























