Տարեկան ընդամենը 8-10 նորակոչիկ է մեկնում այլընտրանքային զինվորական ծառայության: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով գյուղացիներից մեկի հարցին, թե ինչու այդ դրույթը չի հանվել Սահմանադրության նոր նախագծից:
«Մենք ունեինք մի իրավիճակ, երբ կալանավայրերում կային 260 մարդ, որոնք կրոնական դավանանքից ելնելով՝ հրաժարվել էին զինվորական ծառայությունից եւ դատապարտվել: Այդ պատճառով մենք այսօր ունենք այլընտրանքային զինվորական ծառայություն: Ամեն տարի 8-10 կա, որն անցնում է այլընտրանքային զինծառայության, ինչը նշանակում է՝ աշխատում են ծերանոցներում եւ այլ պետական հիմնարկներում: Ըստ իս, շատ ավելի լավ է, որ մարդը նման աշխատանք կատարի, քան կանգնի սահմանին եւ կրոնական դավանանքից ելնելով՝ չկրակի կամ այլ գործողություն կատարի»,- ասել է Հրայր Թովմասյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով, սակայն այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը պետք է լինի 5 տարի:
«Ընդդիմությունը կարծում է, որ մեր զինվորը պետք է ստանա միջին աշխատավարձ, թեկուզ պարտադիր ծառայության ընթացքում պետք է միջին աշխատավարձ ստանա: Խոսքն ընդամենը 16 մլրդ դրամի մասին է: Իսկ այլընտրանքային ծառայությունը վերաբերում է կրոնական դավանանքին, իսկ ժամկետը պետք է լինի հինգ տարի»,- նշել է Բագրատյանը:
Հիշեցնենք, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքն ընդունվել է 2013թ.-ին: