News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի նախագահ, գործարար Բագրատ Նավոյանը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, թե ինչպես ստացվեց, որ Աբրահամ Խաշմանյանի վերադառնալու լուրերից հետո թիմը գլխավորեց Արամ Ոսկանյանը, ում կցանկանար տեսնել իր թիմի ղեկին, ով է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը:

Պարոն Նավոյան, «Ալաշկերտի»  շուրջ վերջին ամիսներին ստեղծած իրավիճակը այդպես էլ հասկանալի չդարձավ: Հոկտեմբերին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացավ, հետո կարծես կրկին վերադարձավ, իսկ հիմա Արամ Ոսկանյանը գլխավորեց թիմը: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ:

Կան մարդիկ, որոնք տանը նստած գուշակություններ են անում՝ ինչո՞ւ գնաց Խաշմանյանը, ո՞նց եղավ… Ես ինքս անկեղծության կողմնակից եմ ու հիմա մեծ սիրով կպատմեմ եղելությունը: Հոկտեմբերին, երբ մենք դուրս մնացինք Գավաթի համար հետագա պայքարից` «Փյունիկի» հետ երկրորդ խաղում,  Խաշմանյանը այդ պարտությունը հանգիստ տարավ,  ի տարբերություն ինձ: Ես թիմի նախագահն եմ, իմ գրպանից գումարներ եմ ներդրում թիմում: Միշտ ասել եմ՝ մարզիչն ու նախագահը պետք է թիմի հավասար փայատերերը լինեն, որ հավասար սրտացավ լինեն:  Ես մտա հանդերձարան ու ասացի Խաշմանյանին, որ նա գուցե գերհոգնած է,  եւ առաջիկա խաղին թիմը պատրաստի մարզիչներից մեկ ուրիշը: Նա շատ ծանր ընդունեց այդ փաստը, գնաց ասուլիսի սրահ եւ ասաց, որ հրաժարական է տալիս: Նրանից ոչ ոք հրաժարական չէր պահանջել: Դա իր որոշումն էր: Հետո եղան տարբեր խոսակցություններ, ես բացատրեցի, որ Աբրահամը կմնա մարզչական շտաբում, բայց գլխավոր մարզիչ երեւի կնշանակվի Կարեն Բարսեղյանը կամ Արամ Ոսկանյանը: Հետո մի փոքր դադար եղավ: Մենք ունեցանք մրցաշրջանի ավարտի մեր խնջույքը: Խաշմանյանը նույնպես ներկա էր մարզիչների հետ մեկ սեղանին: Կրկին լրատվամիջոցները սկսեցին գրել, որ նա վերադարձել է թիմ, այն դեպքում երբ նա չէր հեռացել:

Բայց Դուք խաղից հետո մտել էիք հանդերձարան եւ թիմից հեռացրել մի քանի ֆուտբոլիստների: Չե՞ք կարծում, որ դա կվիրավորի մարզչի ինքնասիրությունը:

Այո, հանդերձարանում ասացի, որ Յուրա Ֆոմենկոն, ով շատ վատ խաղաց, Սամվել Մելքոնյանը ու Արսեն Բալաբեկյանը իրենց համար նոր թիմ փնտրեն: Մարզչական թիմին նման բան չեմ ասել: Խաշմանյանը տաքարյուն է: Երեւի մտածել է, թե ես ցանկանում եմ նաեւ նրան հեռացել ու որոշել է ինքը առաջ ընկնի:

Այսինք Դուք նորմա՞լ եք համարում Ձեր այդ գործողությունները:

Իսկ ի՞նչ եք կարծում, ես պետք է մոտենայի եւ այդ պարտությունից հետո մարզչի ճակատը համբուրեի՞, կամ այն ֆուտբոլիստների, որոնք վատ էին խաղացել, գովեի՞: Երբ Գավաթի քառորդ եզրափակչում մեզ բաժին հասավ «Փյունիկը», ես ներքուստ ուրախացա, քանի որ այդ թիմի ուժեղ ֆուտբոլիստները հեռացել են այնտեղից, եւ դա շատ երիտասարդ ու նոր թիմ է: Կոտայքից ու Էրեբունիից հետո Փյունիկը ամենանախապատվելի տարբերակն էր: Բայց արի ու տես, որ նրանք եկան մեզ հաղթեցին թե մեր դաշտում, թե իրենց:

Իսկ գուցե մարզչի հետ առանձին խոսեի՞ք

Այո, գուցե այդպես պետք է անեի: Ես շատ վրդովված, հույզերով ներս մտա ու դժգոհություն հայտնեցի: Բայց էլի եմ ասում, ես նպատակ չունեի մարզչին հանել: Հաջորդ հինգ խաղերում մենք վաստակեցինք 11 միավոր, որը կարծում եմ լավ ցուցանիշ է:

Խաշմանյանը փորձառու մարզիչ է, ստացվում է Դուք հիմա շեշտը դնելու եք երիտասարդ մարզիչների վրա:

Աբրահամ Խաշմանյանը լավ մարզիչ է, լավ մասնագետ է, պարզապես մի քիչ տաքարյուն է: Նա ծանր է տանում ցանկացած անարդարություն: Նա Հայաստանի լավագույն մարզիչներից մեկն է: Ժամանակին նա ինձ ասում էր, որ ցանկանում էր հանգստանալ մարզչական աշխատանքից, իսկ ես գտնում էի, որ դեռ շուտ է: Ժամանակին նա տարբերակ ուներ արտերկրից, ես չխանգարեցի: Նման կերպ վերջերս Զավեն Բադոյանի հետ եղավ: Նա մնացել էր առանց թիմ, եկավ մեզ մոտ վերցրինք, բայց երբ հնարավորություն եղավ գնալ Գոմել, մենք իրեն բաց թողեցինք առանց որեւէ խնդրի:

Պարոն Նավոյան, խոսակցություններ են պտտվում, որ հոկտեմբերին երբ Խաշմանյանը հեռացավ, Ձեզ վրա ճնշում էր գործադրվել, որպեսզի նրան հանեք

Չէ, նման բան անհնար է: Դա անգամ տրամաբանական էլ չէ... Ինչի՞ հետ են կապված այդ խոսակցությունները:

Դե այդ ժամանակ հավաքականի մարզչի պաշտոնն էլ թափուր մնաց…Չեմպիոն մարզչին հավաքականի ղեկին շատերն էին ցանկանում տեսնել...

Ես Խաշմանյանի հետ զրուցել եմ ժամանակին, նա ասել է, որ պատրաստ չէ մարզելու ազգային հավաքականը, անգամ եթե այդպիսի հնարավորություն լինի: Ոչ մի ճնշման մասին խոսք լինել չի կարող: Ես միշտ ըմբռնումով եմ մոտեցել մարզիչներին էլ, ֆուտբոլիստներին էլ: Թիմը ընտանիք է, որտեղ ամեն բան էլ կարող է պատահել:

Մի քանի տարի առաջ հարցազրույցում նշել եք, որ շատ դժվար է թիմ պահել ֆինանսական տեսակետից: Եթե Ձեր թիմը չմասնակցեր Եվրոպայի լիգայի ու Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերի խաղերին, որով եւ բավական գումար աշխատեց, կկարողանայի՞ք պահել թիմը:

Ես ասում էի՝ գոնե մի քիչ պետական աջակցություն լիներ: Ես ամեն ամիս 1,5 միլիոն դրամի միայն սոցվճար եմ կատարում: Գոնե դրանից մեզ ազատեին, բայց չեղավ:

Շատերը ասում են, թե «Ալաշկերտը» վերջին երկու տարում գումար աշխատեց եվրագավաթներում, բայց քչերն են մտածում, թե մինչ այդ թիմը որքան գումար է ծախսել, որքան է պատրաստվում ապագայում ծախսել: Մեզ մոտ երբեք աշխատավարձերը չեն ուշանում: Միշտ ամսի մեկին բոլորը ստանում են: Նաեւ պարգեւատրումները չեն ուշանում, բայց գիտեմ, որ կան թիմեր, որտեղ ամիսներով ուշացնում են աշխատավարձերը:

Ինչպե՞ս կարելի է ավելացնել Բարձրագույն խմբի թիմերի քանակը, հաշվի առնելով, որ վեց թիմով առաջնություն պահելը լուրջ չէ:

Այժմ մեր առաջնությունը բավական մեծ խնդրի առաջ է կանգնել՝ մնացել  ենք վեց թիմով: Ես շատ ուրախացա այն լուրից, որ շուտով Վանաձորում  նոր թիմ կարող է բացվել: Մեր «Ալաշկերտ 3»-ը շուտով կմասնակցի Առաջին լիգայի խաղերին: Ստացվում է՝ կունենաք արդեն երեք թիմ: «Ալաշկերտը -3» կազմված կլինի 16-17 տարեկան երիտասարդներից:

Առնվազն 15  թիմ պետք է ունենանք նորմալ առաջնության համար: Այդ հարցում պետք է լինի պետական աջակցություն: Ամեն մարզում եթե գործարարները միանան, կարող են թիմ պահել: Ամսական նվազագույն 10 000 դոլարով կարելի է թիմ պահել:

Այդ որքա՞ն աշխատավարձ պետք է ստանան ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու մնացած անձնակազմը, որ թիմի ամսական ծախսը լինի 10 000 դոլար:

Արարատում, Կոտայքում մոտավորապես ամսական ստանում են 100 000 դրամ: Մեզ մոտ շատ տղաներ խնդրում են, որ այդ գումարով գան խաղան:

Կարծո՞ւմ եք 100 000 դրամ ստացող ֆուտբոլիստը կարող է լավ ֆուտբոլ խաղալ ու չմտածե՞լ այլ գործի մասին, որ ընտանիք պահի:

Դե դա նվազագույնն է, եթե ավելի մեծ ամբիցիաներ ունենա  թիմի նախագահը, պետք է ավելի մեծ ներդրումներ անի:

Իսկ այն թիմերը, որոնք դադարեցին իրենց գործունեությունը՝ «Կիլիկիան», «Իմպուլսը», «Ուլիսը», «Միկան»… նրանց ոչ մի աջակցություն չեղա՞վ:

Երբ Միխայիլ Բաղդասարովի գործերը վատացան, նա թողեց թիմը, բայց նա ֆուտբոլը շատ է սիրում եւ չեմ բացառում որ շուտով այդ թիմը կրկին վերաբացվի: Եթե թիմերը չեն մասնակցելու եվրագավաթների, չի նշանակում որ պետք է թողել թիմը: Պետք է ամեն բան ճիշտ կազմակերպել

Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է եվրագավաթներում վաստակած գումարը փակում տարեկան ծախսերը:

Եվրոպայի լիգայի գումարը, եթե միայն մեկ փուլ ես մասնակցում, չի փակում անգամ մեկ տարվա ծախսը: Իսկ Չեմպիոնների լիգան, փակում է եւ մի քիչ էլ գումար է մնում եկող տարվա համար: Կախված է նաեւ թե որակավորման փուլում, որ երկրների թիմերի հետ պետք է խաղալ: Մեր առաջին խաղը Շոտլանդիայում էր: Միայն ինքնաթիռի տոմսը բավական թանկ էր, իսկ երկրորդը՝ Վրաստանում, այստեղ արդեն խնդիր չկար:

Ձմեռային երրորդ հավաքը «Ալաշկերտը» անցկացնելու է ԱՄՆ-ում: Ինչո՞ւ այդքան հեռու եւ ծախսատար տեղ:

Հրավեր ունենք Լոս Անջելեսից: Մենք անցյալ տարի էինք դեռեւս նախատեսում մեկնել այնտեղ, բայց նրանք արդեն «Շիրակի» հետ պայմանավորվել էին: Հիմա մեկ խաղ ունենք մեքսիկական թիմի հետ ու Յուրա Մովսիսյանի թիմի հետ: Երկար ճանապարհ է, բայց կցանկանանք, որ «Ալաշկերտը» ճանաչելի լինի նաեւ օվկիանոսի այն կողմում:

Այս տարի հավաքականը այնտեղ խաղաց կիսադատարկ մարզադաշտում:

Դե դա նաեւ մարզում էր հավաքականի համար:  Խաղը հեռարձակվելու է: Հուսանք բազմաթիվ երկրպագուներ կլինեն: Ամենամոտ տեղերը, օրինակ Անթալիայի համար առնվազն 30 000 դոլար ծախսում ենք: Ավելի լավ է այդ գումարով ԱՄՆ մեկնենք, այնտեղ կունենանք երկու խաղ ու յոթ օր կմարզվենք:

«Փյունիկը», «Բանանցը», այժմ էլ «Արարատը»​ սկսել են երիտասարդացնել իրենց կազմը: ՀՖՖ նախագահն իր վերջին ասուլիսի ժամանակ  «Ալաշկերտն»  անվանեց ծերակույտ: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:

Տեսեք… մեզ մոտ խաղում են երկու դարպասապահ: Գեւորգ Կապարովը մոտ քառասուն տարեկան է, Արսեն Բեգլարյանը ՝ 21: Կասպարովի փորձն ավելի մեծ է, ես նրանից ավելի գոհ եմ: Կասպարովը բաց է թողել հինգ գնդակ, Բեգլարյանը՝ տասից ավելի: Մենք ունենք Վահագն Մինասյան, ով շատ լավ խաղացող է եւ օգուտ շատ է տալիս: Եկեք չմոռանանք, որ «Ալաշկերտը» չորս տարվա թիմ է: Որտեղի՞ց պետք է վերցնենք երիտասարդ կադրերի: Այլ թիմերից գումարո՞վ: Այժմ արդեն ունենալով «Ալաշկերտ -3» -ը հնարավորություն կտանք մեր երիտասարդներին: Քայլ առ քայլ մենք էլ կերիտասարդացնենք մեր կազմը: Մենք չունենք «Փյունիկի» բազան, որ կարողանանք միանգամից սերնդափոխոթյուն անել:

«Շիրակը» ունի ակադեմիա, երիտասարդական թիմերը, բայց թիմի կորիզը լեգեոներներ են: Կարծում եմ՝ մի քանի լեգեոներից ավելի չպետք է լինի թիմում:

Ձեր քվեաթերթիկը տարվա լավագույն մարզչի քվեարկության ժամանակ անվավեր էր ճանաչվել: Ինչո՞ւ:

Ես ձայնս տվել էի Արամ Ոսկանյանին, բայց նա արդեն «Ալաշկերտի»  մարզիչն էր: Երկրորդ - երրորդ տեղում Արկադի Անդրեասյան, Արթուր Ոսկանյան:

Ամեն տարի մեծ աղմուկ է բարձրանում տարվա լավագույն մարզչի քվեարկությունից հետո: Չե՞ք կարծում որ քվեարկության ձեւաչափը պետք է փոխել:

Եթե ինչ-որ մեկին ընտրում են, պետք է ընդունել այդ փաստը: Ժամանակին մարզական լրագրողներն էին ընտրում: Այժմ մարզական լրագրողները ընտրել են Խաշմանյանին, գործկոմը՝ Բիչախչյանին: Թող վերջինս էլ ապացուցի որ լավագույնն է, եկող տարի Շիրակի հետ դառնա չեմպիոն:

Քանի՞ տարով եք պայմանագիր կնքել Արամ Ոսկանյանի հետ:

Արամ Ոսկանյանի հետ պայմանագիրը մինչեւ 2018-ի ամառն է: Եթե Աստված ոչ անի հաջող հանդես չեկանք, նա եկող ամռանը կհեռանա:

Ըստ Ձեզ, ո՞վ է «Ալաշկերտի»  տարվա լավագույն ֆուտբոլիստը:

Ես միշտ ցանկացել եմ, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստից բացի, որն անխոս Հենրիխ Մխիթարյանն է, լիներ նաեւ Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստ: Անցյալ տարի, կարծում եմ, դա Միհրան Մանասյանն էր, այս տարի ես կտայի Արթուր Եդիգարյանին, որն իսկապես շատ լավ տարի անցկացրեց:

Եթե մեկ անվանի մարզչի կարողանայիք հրավիրել Ձեր թիմ, ո՞ւմ կընտրեիք:

Ես շատ կցանկանայի, որ Յուրի Ջորկաեֆը գար ու մարզեր մեր թիմը: Հատկապես, որ նա արդեն ասել է, որ կցանկանար աշխատել հայկական ֆուտբոլում: Նրա այդ արտահայտությունից հետո, ես փորձեցի կապվել նրա հետ ու առաջարկել, բայց չկարողացանք նրան գտնել:

Ի՞նչ բարեմաղթանքներ ունեք 2017 թվականի համար:

 Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս գալիք Նոր տարին, թող հաղթանակների տարի լինի: Մեր հավաքականին մեծ հաջողություն: «Ալաշկերտ»  էլ, թող մեդալ նվաճի: Մյուս բոլոր թիմերին  էլ՝ հաջողություն: Թող հաղթի ուժեղագույնը:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ