News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2017–ի իր առաջին ասուլիսին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես միշտ, էմոցիոնալ էր։ Որոշ ցավոտ հարցերի պատասխանելիս նյարդայնանում էր, մեկ–մեկ էլ հումորներ անում՝ լարվածությունը թուլացնելու համար։ 

Հարցին, թե արդյոք 2018-ից հետո նա կմնա վարչապետ, թե ոչ, Կարապետյանը տարակուսեց.

«Ախր էս հարցին էնքան եմ պատասխանել… 18 թիվը կգա, կխոսանք: Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ՝ ամենաշատ հուզող հարցը ձեզ այս պահին դա՞ է... Յա՜ա»:

Շրջվելով իր խորհրդական Շուշան Սարդարյանի կողմը՝ վարչապետը կատակեց. «Լավ պատասխանեցի՞ էս հարցին, Շուշան», ապա դիմեց լրագրողներին. «Շուշոն դեմոկրատ մարդ է, ասում եմ՝ ի՞նչ խորհուրդ ունես ինձ տալու, ասում է՝ խորհուրդ չունեմ, գնա հուպ տուր, ինչ ուզում ես, ասա»:

Քիչ անց Կարեն կարապետյանը հորդորեց ահեղ դատաստան չպահանջել պաշտոնյաների համար՝ բյուջեն թերակատարելու պատճառով:

«Բոլորին նստացնելու ենք… կախաղան ենք հանելու… Ես շատ եմ ուզում, որ մեր խոսակցությունը գնա առարկայական: Եթե մարդը սխալ բան է արել, պետք է պատասխան տա։ Բայց շատ անգամ լրագրողներից լսում եմ՝ ո՞ւմ եք նստացնելու: Ո՞ւմ եք պատժելու: Սա՞ է ձեր գլխավոր խնդիրը»:

Ամանորյա թանկացումների մասին պնդումների հետ նա կտրուկ չհամաձայնեց: Մեկ-երկու ապրանքի օրինակ լսելով ՝ պատասխանեց. «Բա ինչի՞ չեք հարց տալիս, մնացածը որ իջել է: Ես պնդում եմ՝ ձեր գնողունակությունը այս տարի, այս ձմեռ չի ընկել»:

Նրա համբերությունը հատեց, երբ կրկին լսեց, թե բանանի ներմուծման շուկայում ստվերային համաձայնություն կա, ու նորեկներին դուրս են մղում  շուկայից:

«Դե հիմա մեկը հարցնում ա՝ ով ա բանան ներկրողը, մյուսը՝ շաքար ներկրողը, երրորդը՝ պովիդլո ներկրողը: Ես բոլորին իմանա՞մ: 

Ունե՞ք օրինակ, որ դիմել են իրավապահ մարմիներին, ու չեն արձագանքել: Եթե այո, ապա ինձ ասեք:  Բայց էս բամբասանքային խոսակցությունները…»:

Այն դիտարկմանը, որ իրավապահներին չեն դիմում, վարչապետը սրտնեղեց. «Ի՞նչ եք առաջարկում: Ես հիմա բոլորի հետևից վազեմ, ասեմ՝ դիմում տու՞ր»:

Ասուլիսի վերջում վարչապետը լրագրողներին խնդրեց իր ասածներից շատ չնեղսրտել:

«Եթե մի քիչ էմոցիոնալ եմ խոսել, ներողամիտ եղեք, դրա տակը բան չկա: Ես պատրաստ եմ ձեզ հետ ռեգուլյար հանդիպմանը: Փակ թեմա ձեզ հետ գոյություն չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ