News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

2010 թվականի երեք եռամսյակների տվյալներով, Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 1331 նոր դեպք, որից 419-ը՝ Երեւանում։ «2008 թվականի տվյալներով, 100 հազար մարդու հաշվարկով տուբերկուլյոզով հիվանդացել է 47, 2009 թվականին՝ 45,5 մարդ։ Մահացության ցուցանիշը 2008-ին համապատասխանաբար կազմել է 4,3, իսկ 2009-ին՝ 3,9»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ տուբերկուլյոզն առավել տարածված է Սյունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում, այն դեպքում, երբ հիվանդացության ամենաքիչ դեպքերը հանդիպում են Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։

«Իսկ ընդհանրապես, տուբերկուլյոզով հիվանդանում են հիմանականում 15-54 տարեկան աշխատունակ խմբի մարդիկ՝ հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ, ինչը բացատրվում է նրանց շփումների լայն մակերեսով»,- բացատրեցին գրասենյակում։

Ամփոփելով՝ գրասենյակի մասնագետը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազամակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում ամեն տարի հայտնաբերվում է տուբերկուլյոզի 9 մլն նոր դեպք, որոնցից 2 մլն-ը՝ մահացու ելքով։

Երեւանի քաղաքային  հակատուբերկուլյոզային դիսպանսերից էլ հայտնեցին, որ տուբերկուլյոզով վարակվելուց պետք է զգուշանալ միշտ, սակայն առավել ուշադիր պետք է լինել ձմռան ամիսներին: «Այս ինֆեկցիոն հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազի միջոցով։ Տարբերակում են տուբերկուլյոզի ինչպես թոքային, այնպես էլ արտաթոքային մի շարք տարատեսակներ, որոնցից ամենավտանգավորը թոքային տուբերկուլյոզն է»,- ասաց մասնագետը՝ ավելացնելով, որ տուբերկուլյոզի առաջին ախտանշանները շատ սպեցիֆիկ չեն եւ կարող են արտահայտված լինել 3 եւ ավել շաբաթ տեւող հազով, 37,2 աստիճան ջերմությամբ, դողով, գիշերային առատ քրտնարտադրությամբ, կրծքավանդակում եղած ցավերով:

Հարցին, թե որքանո՞վ ճիշտ է բնորոշումը, որ տուբերկուլյոզը «աղքատների հիվանդություն»  է եւ ամենաուղիղ կապ ունի մարդու սոցիալական կարգավիճակի, մեծամասամբ՝ թերսնման հետ, բժիշկը նկատեց, որ «դա մեր ժամանակների համար ասված չէ, որովհետեւ տուբերկուլյոզով հիվանդանում են բոլոր այն մարդիկ, ովքեր իմունային թույլ համակարգ ունեն»։ «Դրանք կարող են  լինել նաեւ ապահով խավի մարդիկ, շաքարախտով, խոցային հիվանդություններով տառապողները, ՄԻԱՎ վարակակիրները եւ այլն»։

Այս հիվանդությունից խուսափելու համար բժիշկը խորհուրդ տվեց հեռու մնալ հազացող մարդկանցից, հրաժարվել վատ սովորություններից՝ ծխելուց, խմելուց, թմրանյութեր օգտագործելուց։

Անդրադառնալով հիվանդության բուժման հարցին՝ բժիշկը տեղեկացրեց, որ Հայաստանում տուբերկուլյոզը բուժվում է անվճար։ «Տուբերկուլյոզը հաճախ բուժվում է 6 ամսում, առավել բարդացած դեպքերում՝ 1-2 տարում։ Ընդ որում, Հանրապետությունում այսօր կան հիվանդին լիարժեք բուժելու համար բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները»,- տեղեկացրեց բժիշկը։

Ամփոփելով՝ մասնագետը տեղեկլացրեց նաեւ, որ բացի Երեւանից, հակատուբերկուլյոզային դիսպանսերներ եւ ստացիոնարներ գործում են նաեւ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։

 

Անի Ղազարյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news