Ամերիկյան մի շարք խոշոր կորպորացիաների ղեկավարներ անհանգստությամբ են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանին: Այսպես՝ Starbucks ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ամերիկացի բիզնեսմեն Հովարդ Շուլցը աշխատակիցներին հղած ուղերձում նախագահի որոշումը «հունից շեղող» է անվանել եւ հայտնել է առաջիկա 5 տարում մոտ 10 հազար միգրանտի ընկերությունում աշխատանքի ընդունելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է «Գերմանական ալիք»-ը:
SpaceX եւ X.com ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մաքսը Twitter-ում գրել է. «Այս քաղաքականությունից տուժող շատ նարդիկ ԱՄՆ-ի ակտիվ համակիրներ են: Նրանք ամեն ինչ ճիշտ են արել, ոչ մի վատ բան թույլ չեն տվել, եւ արտաքսման արժանի չեն»:
Uber տրանսպորտային համացանցային ընկերության համահիմնադիր, ամերիկացի ձեռնարկատեր Թրեւիս Քալանիքը Facebook-ի իր էջում խոստացել է իրավաբանական շուրջօրյա ծառայություն մատուցել ընկերությունում աշխատող վարորդներին, որոնք հայտնվել են ԱՄՆ սահմաններից դուրս եւ փորձում են վերադառնալ:
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել առաջիկա 90 օրերին 7 երկրների՝ Իրանի, Իրաքի, Լիբանանի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին: Արգելքը տարածվում է նաեւ գրին քարտ ունեցողների վրա: Ավելի ուշ Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ Թրամփի հրամանագիրը տարածվում է նաեւ երկքաղաքացիություն ունեցող արտասահմանյան քաղաքացիների վրա (այն դեպքերի բացառությամբ, երբ անձնագրերից մեկն ամերիկյան է):




























