News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Որոնք էին Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր մարտահրավերները 2016–ին։ Էդվարդ Նալբանդյանի ամփոփիչ ասուլիսը հիմնականում ղարաբաղյան հակամարտության հետ կապված զարգացումների շուրջ էին։ Ապրիլյան պատերազմը սառեցրեց բանակցային գործընթացը, որն այդպես էլ հնարավոր չեղավ վերականգնել Ադրբեջանի պատճառով։ Վիեննայում երկու երկրների  նախագահների հանդիպումից հետո Ալիեւը հրաժարվեց կատարել համանախագահների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թե առաջիկայում երբ կլինի նոր հանդիպում, անորոշ է՝ կրկին Ադրբեջանի մեղքով։ Ամանորի նախաշեմին Բաքուն դիվերսիայի իրականացրեց Հայաստանի հետ սահմանին, ինչի հետեւանքով երեք հայ զինծառայող զոհվեց։ Ինչո՞ւ են համանախագահները հրաժարվում կոնկրետ մեղավորի անունը նշել՝ հարցրեցին լրագրողները։ Նալբանդյանը հիշեցրեց՝  նրանք դիվանագետ են եւ խոսում են դիվանագիտական լեզվով։ Իրականում բոլորն էլ հասկանում են՝ ադրբեջանական սուտը, թե հայկական կողմն է նախահարձակ եղել, անհեթեթ է, թեկուզ այն պատճառով, որ նրանց դիվերսանտի մարմինը Հայաստանի տարածքում էր մնացել։

Քաղաքական ուժերը շարունակում են բանակցությունները դաշինքների ձեւավորման շուրջ: Արդեն հայտնի է, որ ամենայն հավանականությամբ, «Ծառուկյան դաշինքի» կազմում են լինելու ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱՀԿ-ն եւ «Միասնություն» շարժումը: Ենթադրվում է, որ համաձայնագիրը կստորագրվի արդեն այս շաբաթ: Մինչեւ հիմա կարծիք կար, որ Ծառուկյանին կմիանա նաեւ Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունը: Սակայն այսօր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ Դեմիրճյանն ընտրություններին մասնակցելու է «Հայ Ազգային կոնգրեսի» հետ դաշինքով: Մինչդեռ Դեմիրճյանն ինքն այդ կապակցությամբ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, կուսակցության գրասենյակից պնդում են` դեռեւս բանակցում են տարբեր ուժերի հետ: Անորոշ են մնում նաեւ «Ժառանգության» ծրագրերը: Կուսակցությունում կարծես ոչ մի կերպ չեն կարողանում հարթել ներքին տարաձայնությունները: Արդեն 2 անգամ վարչության նիստ են հրավիրել, երկուսն էլ՝ ապարդյուն, ընդ որում, վերջին նիստը հետաձգել էին դեռ չսկսած:

Դեռեւս պարզ չէ` ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, թե ավելի ուշ: Այս պահի դրությամբ, ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ կողմ են ընտրությունները հետաձգելուն, սակայն որեւէ ռեալ քայլ, գոնե հրապարակային, այս ուղղությամբ դեռ չի արվել։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ շարունակում է պահել ինտրիգը եւ առայժմ չի շտապում հայտարարել, թե որ քաղաքական ուժի հետ է մտնելու մրցապայքար: Այսօր նա արդեն Հանրապետականից դուրս գալու դիմում է ներկայացրել: Սպասվում է, որ առաջիկա օրերին կհայտարարի իր հետագա քայլերի մասին: Ի դեպ, նախկին վարչապետի մտերիմները մեկը մյուսի հետեւից լքում են պաշտոնները: Հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո:

Փետրվարին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն ավելի ցածր կլինի, քան հունվարին: Ամենացուրտ օրերը սպասվում են առաջին տասն օրերին, իսկ հետո ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Ամսվա ընթացքում միջին ջերմաստիճանը կկազմի -5 -8 աստիճան: Փետրվարը տեղումնառատ կլինի` նոր փորձություն քաղաքապետարանի համար: Հիշեցնենք, որ Երեւանի բակերում մինչեւ հիմա նստած է դեռեւս Նոր տարուց առաջ տեղացած եւ սառույցի վերածված ձյունը:

Զանգվածային թունավորում շաուրմայից: Սպիտակ քաղաքում 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հավի մսից պատրաստված շաուրմա են կերել եւ թունավորումով ընկել հիվանդանոց: Նրանց օրգանիզմում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Պարզվել է` նրանք բոլորը շաուրման գնել են նույն` «Թեժ կրակ» անունով սննդի կետից: Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել այդ օբյեկտում, նմուշներ են վերցրել, ուղարկել լաբորատորիա: Մինչեւ պատասխանների ստանալը` ընկերության գործունեությունը կասեցվել է: Թունավորվածներից մեկն արդեն դուրս է գրվել, մյուսների վիճակը բավարար է:

Ինչպես է ադրբեջանական մակնշումով մանկական կերը հայտնվել հայկական շուկայում: «Ֆեյսբուքում» տարածված լուսանկարի շուրջ բարձրացված աղմուկին արձագանքել է Սննդի անվտանգության պետական ծառայությունը: Վստահեցնում են, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն իրականում արտադրված է Լեհաստանում, պարզապես տուփի վրա տեղեկությունները նշված են մի քանի լեզվով, այդ թվում, ադրբեջաներեն:

Կապանի հիվանդանոցի բժիշկներից մեկին մեղադրանք է առաջադրվել հիվանդին բռնաբարելու փորձ կատարելու համար: 18-ամյա աղջիկը ոստիկանությանն ասել էր, որ բժիշկների սենյակում անզգայացնող բժիշկը փորձել է բռնաբարել իրեն: Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բժիշկը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, փորձել է ստիպողաբար սեռական հարաբերություն ունենալ հիվանդի հետ, սակայն դա նրան չի հաջողվել. աղջիկը դիմադրել է: Բժիշկը կալանավորված է: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Դատապարտյալների հիվանդանոցի» 2 աշխատակիցներին, որոնք չարաշահելով պաշտոնեական դիրքը, մարմնավաճառներին թույլ են տվել տեսակցել հիվանդանոցում բուժվող դատապարտյալների հետ: Հիմնարկի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը դատապարտյալների եւ մարմնավաճառների հանդիպումը կազմակերպել են տեսակցությունների սենյակում, ընդ որում՝ դատապարտյալներից մեկը եղել է ՄԻԱՎ վարակակիր:

Դոնալդ Թրամփի դեմ հայտնի անձանց արշավին միացել է Reddit սոցիալական ցանցի հայ սեփականատեր Ալեքսիս Օհանյանը: Նա ԱՄՆ նախագահին բաց նամակ է գրել, որում հակաամերիկյան քայլ է անվանել մուսուլմանական երկրներից ԱՄՆ ներգաղթն արգելելու Թրամփի որոշումը: Օհանյանը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները միգրանտների երկիր է, ինքն էլ միգրանտների որդի է` Ցեղասպանությունից փրկված հայերի ծոռ: Օհանյանի խոսքով` չէր լինի Reddit ցանցը, եթե ժամանակին Միացյալ Նահանգներն օթեւան չտար իր ծնողներին:

Հայտնի է` «Եվրատեսիլ 2017»-ին որ օրը հանդես կգա Հայաստանի մասնակիցը: Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի երկրորդ հատվածում՝ մայիսի 9-ին: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին Կիեւում: Ինչ երգով հանդես կգա Արծվիկը, հայտնի չէ: Առաջին ալիքը երգի մրցույթ է հայտարարել:

Դոլարն ու եվրոն նորից սկսել են թանկանալ: Դոլարի փոխարժեքը հունվարի 31-ին կազմել է 486, եվրոյինը` 521, ռուբլունը` 8.11 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 4 դրամով նվազել է եւ կազմել 604 դրամ:

Հանրապետության տարածքի մեծ մասում փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: Երեւանում նույնպես տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10 -12, ցերեկը` -4 -6 ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ