News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Կոտայքի Լեռնանիստ գյուղում մթերային խանութ է փլուզվել. երկու մարդ է մահացել: Մահացածներից մեկը խանութի սեփականատիրոջ կինն է՝ 50-ամյա Ալմիդա Մեսրոպյանը, մյուսը՝ հաճախորդ, 31-ամյա Անուշ Սարգսյանը:

Դեպքի պահին խանութում են եղել նաեւ աշխատակցուհին՝ 23-ամյա Տաթեւիկը, եւ խանութի տիրոջ երկու որդիները: Նրանք էլ հորը տեղեկացրել են ողբերգության մասին: Վարկած կար, որ շինությունը փլուզվել է պայթյունի հետեւանքով, բայց խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանն ասում է՝ գազ չկար:

Գագիկ Ալոյանի 2 որդիները վնասվածքներ են ստացել: Սարգիս Ալոյանը կոնքի, ազդրի եւ ողնաշարի կոտրվածքներով Երեւան է տեղափոխվել, իսկ Արթուր Ալոյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել: Հիվանդանոցում է նաեւ խանութի աշխատակցուհի Տաթեւիկը:

Ալավերդիում 33-ամյա ծննդկան է մահացել: Նա Թեղուտ գյուղի բնակչուհի Անժելա Ղազարյանն է: Գիշերը երիտասարդ կինն Ալավերդու բուժկենտրոնում բնական ճանապարհով տղա է լույս աշխարհ բերել, ինչից հետո նրա մոտ արյունահոսություն է սկսվել, իսկ առավոտյան մահացել է: Բուժկենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ մահվան պատճառն արգանդի պատռվածքն է: Սա Անժելայի 4-րդ ծննդաբերությունն է: Կինը տարիների ընթացքում նաեւ հղիության արհեստական ընդհատումներ է արել, ինչի արդյունքում, մասնագետի հավաստմամբ, արգանդը լավ վիճակում չի եղել: Անժելայի հարազատները, սակայն, կատարվածի մեջ բժիշկներին են մեղադրում:

Իսկ Ջաջուռում արտակարգ դեպք է գրանցվել: Գյուղի 30-ամյա հղի բնակչուհին բակում գտնվող զուգարանում ծննդաբերել է, եւ երեխան, կնոջ հավաստմամբ, հորն է ընկել: Իրավապահները փորձում են պարզել դեպքի հանգամանքները:

Եվս մեկ ողբերգություն Ալավերդիում: Դեբեդ գետում 5-ամյա երեխայի դի են հայտնաբերել: Փոքրիկ Ռոբերտ Դալլաքյանն առավոտյան ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից, եւ մինչ այստեղ կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդում: Փոքրիկը մանկապարտեզ էր հաճախում ընդամենը մեկ շաբաթ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու համար երկու օր է մնացել, սակայն կուսակցություններն ու դաշինքները դժվարությամբ են կողմնորոշվում ընտրացուցակների հարցում:

Երկար ժամանակ սպասման մեջ պահելուց հետո ՀՀԿ-ն վերջապես հրապարակեց կուսակցության համապետական ընտրացուցակի առաջին հնգյակի անունները: Հանրապետականի ընտրացուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հատկանշական է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի անունը չկա, գոնե ընտրացուցակի առաջին տասնյակում: Շարմազանովն ասել է, որ եթե ՀՀԿ-ն կառավարություն կազմի, ապա նա վարչապետը կլինի: Իսկ Հանրապետականի նախընտրական շտաբը գլխավորելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, շտաբի աշխատանքներում ներգրավված կլինեն կուսակցության Գործադիր մարմնի բոլոր անդամները:

Որոշակի հստակություն կա նաեւ «Ելք» դաշինքում. համապետական ընտրացուցակի գոնե առաջին եռյակի անունները հայտնի են: Դաշինքը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, որին ցուցակում կհետեւեն, համապատասխանաբար, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Նրանց, ինչպես հայտարարել էին, ընտրել են հրապարակային, բայց մյուս հորիզոնականներում տեղ զբաղեցրած թեկնածուների մասին ոչինչ չեն նշել:

Փոխարենն արդեն սկսել են քննադատել մրցակիցներին։  Այսօր «Ելք»-ի թիրախում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն էր: Արամ Սարգսյանին զայրացրել է «Ժառանգության» բռնած դիրքը. իրենց գերադասում են մյուս կուսակցություններից, բայց փորձը ցույց է տվել, որ այդ պահվածքն իրեն չի արդարացնում:

Էդմոն Մարուքյանն էլ հիշել է Սեյրան Օհանյանի անցած ուղին, հատկապես 2008 թվականին զբաղեցրած պաշտոնը: Սա էլ՝ մարտի 1-ի իրադարձությունների եւ մեղավորներին բացահայտելու հայտարարությունների հետ կապված: Մարտի 1-ի դեպքերից խոսել է նաեւ Օսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանին տանելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներ:

Վաղը նախընտրական ցուցակն է հրապարակելու նաեւ ՀՅԴ-ն: Իսկ մինչ այդ, ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի ճակատագրով ակտիվորեն մտահոգվում են սփյուռքի հայտնի հայերը: Սփյուռքահայ մի շարք գործիչներ «Արդարություն Հայաստանում» արշավ են նախաձեռնել եւ պատրաստվում են դիտորդի կարգավիճակով հետեւել ընտրություններին: Նախաձեռնության հեղինակներից Սերժ Թանկյանն այսօր տեսաուղերձ է հրապարակել:

Ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի՝ Երեւանում երթ էին կազմակերպել. Ազատության հրապարակից մինչեւ գլխավոր դատախազությն շենք: Հավաքի մասնակիցները «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով նամակ են փոխանցել գլխավոր դատախազության աշխատակցին, նրա համար սնունդ փոխանցել ու ցրվել:

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով: Փետրվարի 9-ին, սակայն, նորից կալանավորվել էր: Դատախազությունը պարզաբանել է, որ նա խախտել է խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները: Պատշաճ ծանուցվել է, բայց չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան դատավարական գործողությունների մասնակցելու համար: Արդյունքում նրան կալանավորելու որոշում է կայացվել:

Դոլարի վերելքն այսօր վերջապես կանգ է առել, իսկ եվրոն էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 516, ռուբլունը՝ 8 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 606 դրամ:

Փետրվարի 15-ին հանրապետության շրջանների մեծ մասում կրկին ձյուն է սպասվում, առանձին հատվածներում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ ձյան տեղումներ կլինեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ