Դեպքեր են եղել, որ լույսի եւ գազի արտոնություններ են ստացել միանգամայն ապահովված ընտանիքները՝ սա անթույլատրելի է: Ապրիլի 13-ին՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այս կապակցությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ իր գերատեսչությունն ամեն ամիս կհետեւի անապահով ընտանիքների ցուցակներին, որոնք էժան գազ եւ էլեկտրաէներգիա են ստանում: Նա հիշեցրեց, որ 2017-ի հունվարի 1-ից էժան գազ է ստանում մոտ 80 հազար ընտանիք, էլեկտրաէներգիա՝ մոտ 125 հազար ընտանիք: «Մենք մշտապես կհետեւենք նրանց ցուցակներին»,- հավաստիացրեց Ասատյանը:

Հիշեցնենք, որ 2017-ի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի նոր սակագներ են գործում: Հայաստանի բնակչության համար հիմնական սակագինը նվազել է 1 կՎտ/ժ-ի համար 46,2 դրամից մինչեւ 44,98 դրամ (2,6 տոկոսով), գիշերային սակագինը՝ 34,98: Անապահով ընտանիքների համար  ավելի ցածր սակագներ են սահմանվել. ցերեկային՝ 40 դրամ (նվազել է 13,4 տոկոսով), գիշերային՝ 30:

2017-ի հունվարի 1-ից գազի սակագները նվազել են 1 խմ-ի համար 146,7-ից մինչեւ 139 դրամ (30 ցենտից մի փոքր պակաս): Անապահով սպառողների համար տարեկան մինչեւ 600 խմ գազ օգտագործելու դեպքում սահմանված սակագինը կազմում է 100 դրամ (600 խմ-ը գերազանցելու դեպքում նրանք անցնում են սովորական սակագնին՝ 139):