«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին հողին են հանձնել: Այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին «Հաց բերողի» հարազատները: Նա նշեց, որ քանդվել է բետոնապատ դամբարանը, որտեղ թաղված էր Արթուր Սարգսյանը եւ այն հողով է ծածկվել:
«Նրա եղբայրն ու մայրը գտնում էին, որ բետոնապատ դամբարանում թաղելը ճիշտ չէ եւ անպայման ուզում էին, որ հողով ծածկվի եւ որոշել ու հենց այդպես էլ արել են: Ներկա են եղել միայն հարազատները»,-ասացին նրանք:
Նրանք նշեցին, որ Արթուր Սարգսյանի հարազատները հենց առաջին օրվանից դեմ են եղել նրան բետոնապատ դամբարանում թաղելուն, ավելի ուշ նրա մայրը՝ տիկին Դոնարան, հայտարարությամբ էր հանդես եկել եւ խնդրել, որպեսզի իրեն օգնեն որդուն հողին հանձնելու հարցում: Նա բարձրաձայնել էր Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» տեղափոխելու, հողին հանձնելու եւ գերեզմանի կառուցապատման հետ կապված խնդիրները:
Նշենք, որ Արթուր Սարգսյանին ցանկանում էին թաղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն, թույլտվություն չստանալուց հետո որոշում կայացվեց նրան հողին հանձնել Շահումյանի գերեզմանատանը՝ բետոնապատ փոսում՝ հետագայում «Եռաբլուր» տեղափոխելու նպատակով, որին դեմ էին նրա հարազատները:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։




























