News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 18-20-ը կանցկացվի վրացի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելիին նվիրված փառատոն։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման շրջանակներում Երեւանում տեղի կունենա երկու սիմֆոնիկ եւ մեկ կամերային համերգ, որոնց ընթացքում կներկայացվեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։

Հունիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն լարային նվագախմբի, դաշնամուրի եւ հարվածայինների համար գրված «SIO» ստեղծագործությունը, «Գիշերային աղոթքները»՝ գրված կլարնետի եւ լարային նվագախմբի համար, Չորրորդ սիմֆոնիան՝ «Միքելանջելո»։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես կգա աշխարհահռչակ կլարնետահար Յուլիան Միլկիսը (կլարնետ/Կանադա)։

Հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես կգան բայանահար Ալեքսանդր Սեւաստյանը եւ կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում՝ Գիա Կանչելիի հայտնի մեղեդիներն են՝ գրված թատրոնի եւ կինոյի համար:

Մշակութային օրերը կեզրափակվեն հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Գիա Կանչելիի գործերը հանդիսատեսին կներկայացնեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Ալեքսանդր Սեւաստյանը եւ նվագախմբի պղնձյափողային կվինտետը։

Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:

Նշենք, որ Գիա Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի եւ ներկայացումների համար գրված երաժշտությամբ։

«Գիա Կանչելի» փառատոնը Երեւանում կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ