Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ինչպես եւ մյուս դատապարտյալների, առողջական վիճակը ուշադրության կենտրոնում է: Եթե որեւէ մեկի առողջական վիճակը վատթարանում է, ապա, իհարկե, դա անուշադրության չի մատնվում:
ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Արդարադատության նախարարության մարդու իրավունքների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաիգ Ղուրբանովը:
Նա ասել է, որ դիմումները ուշադիր քննարկվում են. «Ուղղիչ հաստատություններում գտնվող յուրաքանչյուր դատապարտյալի պահման պայմանները, առողջական վիճակը ուշադրության կենտրոնում են: Դրա հետ մեկտեղ, Արդարադատության նախարարության բժշկական գլխավոր վարչությունը ուշադրությամբ է վերաբերվում դատապարտյալի առողջական վիճակին: Գոյություն ունի ե’ւ բժշկական գլխավոր վարչության, ե’ւ նրա կազմի մեջ չմտնող այլ կլինիկաների բժիշկների ներգրավման պրակտիկա: Հետեւաբար` ես դրա համար մտահոգվելու առիթ չեմ տեսնում»:
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։ Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: