News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Շամիրամ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել: Պարզվում է՝ միջադեպից առաջ հանցագործության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը գումարային հարցերի շուրջ հեռախոսով խոսել է իր ազգականի հետ ու պահանջել վերադարձնել վերջինի բարեկամին տված պարտքը: Ծագած վիճաբանությունից հետո Քալաշյանը մեքենայով գնացել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել ու կրակոցներ արձակել. արդյունքում, հիշեցնենք, 4 մարդ մահացել է, 7 վիրավոր կա: Դեպքից հետո Թելման Քալաշյանը փախուստի է դիմել, սգո սրահում գտնվողներից մեկը հետապնդել է նրան ու իր ավտոմեքենայով բախվել Քալաշյանի «Նիվա»-ին. այն հայտնվել է ճանապարհին հարակից դաշտում եւ անսարքության պատճառով կանգնել: Թելման Քալաշյանին մեկ այլ մեքենայով օգնության է հասել նրա հորեղբայրը, եւ միասին փախուստի են դիմել: Վերջինը ձերբակալվել է, իսկ Թելման Քալաշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Օգոստոսի 6-ը եւ 7-ն ամենաշոգ օրերը կլինեն հանրապետությունում: Այդ օրերին Արարատյան դաշտում եւ Երեւանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել +41, +42 աստիճանի: Նման ջերմաստիճան կարող է գրանցվել նաեւ Իրանի հետ սահմանին՝ Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, Արաքսի հովտում: Մասնագետները զգուշացնում են, որ արեւի ուղիղ ճառագայթների տակ երկարատեւ ֆիզիկական աշխատանքը կարող է հանգեցնել արեւահարության:

«Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստ չի լինի մինչեւ օգոստոսի 23-ը. դատարանն արձակուրդ է գնում: Մինչ այդ դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբաններին առաջարկել էր արձակուրդ գնալ, վերջինները մերժել էին: Այս հարցն այսօրվա դատական նիստում քննարկման առարկա է դարձել: Իսկ պաշտպաններն այսօր բոլոր ամբաստանյալներին դատարանի դահլիճ բերելու միջնորդություն են ներկայացրել: Փաստաբանները հիշեցրել են, որ ամբաստանյալներն իրենց բացակայության դեպքում պաշտպաններին արգելել են մասնակցել նիստին: Արտուշ Գաբրիելյանը, սակայն, անտեսել է այս հիմնավորումն ու մերժել միջնորդությունը: Դատավորի որոշումից հետո պաշտպանները լքել են դատարանի դահլիճը եւ նիստը հետաձգվել է: Մինչ այդ, սակայն, Արտուշ Գաբրիելյանը հասցրել է դատական սանկցիա կիրառել փաստաբանների նկատմամբ:

Երեւանում 2015 թվականի փետրվարին 8 ամսական երկվորյակներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Էպիլեպսիայով տառապող Ռազմիկ Ավետիսյանին դատարանը 3 տարով զրկել է նաեւ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Հիշեցնենք, որ ողբերգական վրաերթը տեղի էր ունեցել Նորք-Մարաշ թաղամասում: Վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի կնոջ, ապա 29-ամյա Աննա Հարությունյանին եւ նրա երկու փոքրիկներին: Վրաերթի հետեւանքով երկվորյակները մահացել էին, իսկ Աննան մարմնական վնասվածքներով հիվանդանոցում էր հայտնվել:

«Վեոլիա ջուր»-ը ցանկանում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագինը բարձրացնելու խնդրանքով: Նշենք, որ «Վեոլիա ջուր»-ը նախկինում ջրով ապահովում էր Երեւանն ու մայրաքաղաքի շրջակայքը, իսկ ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից: Պայմանագրի համաձայն՝ ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել: Ներկայում 1 խ.մ. ջրի սակագինը 180 դրամ է, իսկ «Վեոլիա ջուր»-ն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար էլ սակագինը 54 դրամ է, որն առաջարկվում է հասցնել 58.3-ի: Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով սակագնի մասին հայտ ներկայացնելով՝ ընկերությունը պետք է փաստաթղթերով հիմնավորի պահանջը:

Մեկ լուր էլ «Գազպրոմ Արմենիա»-ից: Օգոստոսի 3-ից 30 օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Պատճառը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վրա իրականացվելիք շինարարական աշխատանքներն են: Ընկերությունից, սակայն, վստահեցնում են, որ դա որեւէ կերպ չի ազդի հանրապետության սպառողների գազամատակարարման վրա:

Վրաստանի նախկին նախագահի գլխին սեւ ամպեր են կուտակվում: ԱՄՆ-ում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին երեկ հայտարարեց, որ մտադիր չէ թաքնվել Միացյալ Նահանգներում, Ուկրաինա է վերադառնալու եւ դատի է տալու իշխանություններին՝ իրեն այդ երկրի քաղաքացիությունից զրկելու համար: Այսօր արդեն Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետը, երկրում հայտնվելուց հետո, կարտահանձնվի Վրաստանին, իսկ այստեղ նրա դեմ քրեական գործ կա հարուցված: Յուրի Լուցենկոն, սակայն, պարզաբանել է, որ դրա համար նախ հարկավոր է, որպեսզի Կիեւը Թբիլիսիից արձահանձնման հերթական հարցումը ստանա:

Օգոստոսի 2-ին դոլարը փոքր-ինչ էժանացել է՝ կազմելով 478 դրամ: Եվրոյի փոխարժեքն այսօր կազմել է 566, ֆունտինը՝ 633 դրամ, ռուբլունը՝ 7 դրամ 89 լումա:

Օգոստոսի 3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մինչեւ օգոստոսի 7-ն օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 6: Երեւանում վաղը գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ