News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կուբանում ավտոբուսը ծովն է ընկել: Պատահարի հետեւանքով 18 մարդ է զոհվել: Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության տեղեկացմամբ՝ զոհերի թվում երկու հայ կա՝ Ս. եւ Ա. Բուդուլյանները: Նրանք հայր ու որդի են: Ճշտված տվյալներով՝ Բուդուլյանները Հայաստանի քաղաքացի չեն:

Ականատեսները պատմել են, որ պատահարի պատճառն արգելակների խափանումն է եղել։ Վարորդը փորձել է փոխանցման տուփի միջոցով արգելակել, բայց այն մասերի է բաժանվել: Արդյունքում մեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին ու ծովն ընկել: Նախնական տվյալներով՝ ավտոբուսում 41 մարդ է եղել. 18 մարդ մահացել է, 24 տուժած՝ հոսպիտալացվել, մեկ մարդ անհետ կորած է համարվում:

Ձերբակալվել է եզդիաբնակ Շամիրամ գյուղում սպանդ իրականացնելու մեջ մեղադրվող Թելման Քալաշյանը: Նրան հայտնաբերել են Արմավիրի մարզի Ջանֆիդա եւ Նալբանդյան գյուղերի միջնամասում ու բերման ենթարկել:

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում: Նախնական տվյալներով՝ Քալաշյանը կենցաղային վեճ՝ պարտք ու պահանջ է ունեցել մի քանի անձանց հետ, գնացել է Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահ ու «Սայգա» տիպի որսորդական հրացանից կրակ բացել հավաքվածների ուղղությամբ: Արյունալի միջադեպի հետեւանքով 4 մարդ մահացել է, 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Դեպքից հետո Թելման Քալաշյանն իր ավտոմեքենայով փախուստի էր դիմել:

Սարդարապատի հուշահամալիրում այսօր պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատությունների 279 շրջանավարտներ հավաստագրեր են ստացել: Նրանց առաջին սպայական՝ «լեյտենանտ»-ի կոչում է շնորհվել: Նշենք, որ շրջանավարտների հիմնական մասը, որոնք այսօր հավաստագրեր են ստացել, ապրիլյան պատերազմի մասնակից են: Նրանց մեծ մասը ծառայության է մեկնելու Արցախ: Միջոցառմանը մասնակցել ու ելույթ է ունեցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառումն ավարտվել է մարտական դրոշներին շրջանավարտների հրաժեշտի արարողությամբ եւ հանդիսավոր քայլերթով:

Կոտայքի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել: Հիվանդանոց տեղափոխված Նոր Հաճնի 61-ամյա բնակիչ Վալեր Մարգարյանը մահացել է: Նրան ալկոհոլի ազդեցությամբ ծեծել, հետո խեղդամահ է արել հարազատ քրոջ որդին՝ 31-ամյա Հովակիմ Ղանդիլյանը: Նա բերման է ենթարկվել: Մահացածը Ռուսաստանի քաղաքացի է, երկար տարիներ այդ երկրում է բնակվել եւ վերջերս էր Հայաստան վերադարձել: Մարգարյանի բացակայության տարիներին նրա տանը բնակվել են քույրն ու 31-ամյա զարմիկը:

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետեւանքով մահացել է 29-ամյա ըմբիշ Տիգրան Թորոսյանը: Նա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ էր, հանդես էր գալիս 66 կգ քաշային կարգում: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Մուշ թաղամասում: Թորոսյանն իր BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւկելի գոտուց, մի քանի պտույտ կատարելով՝ կողաշրջվել: Տիգրան Թորոսյանը տեղում մահացել է, մեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

63 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Ալեն Բերբերյանը: Հայազգի դերասանի մահվան պատճառը ծանր հիվանդությունն է: Բերբերյանը հոսպիտալացվել է անցյալ շաբաթ եւ մահացել երեքշաբթի: Մամուլն այդ մասին միայն այսօր է իմացել: Ֆրանսիական կինոյի սիրահարներին Ալեն Բերբերյանը հայտնի է որպես մի շարք կատակերգական մարտաֆիլմերի ռեժիսոր, ինչպիսիք են «Վախի քաղաք»-ն ու «Կատարյալ կալանք»-ը: Նա նաեւ նկարահանել է «Կորսիկացին» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Ժան Ռենոն ու Քրիստիան Կլավյեն:

Շառլ Ազնավուրը Հոլիվուդի «Փառքի ծառուղում» իր աստղն ունի: Երեկ նա մասնակցել է բացման հանդիսավոր արարողությանը: Սա 2618-րդ աստղն է «Փառքի ծառուղում»: Արարողության ժամանակ ունեցած ելույթում Ազնավուրը հայտարարել է, թե ուրախ է, որ երկու տարբեր՝ հայկական եւ ֆրանսիական մշակույթների կրող է: Իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ազնավուրը որոշել է 2018 թվականի համերգային շրջագայության երթուղին: Շանսոնյեն լինելու է Ֆրանսիայի վեց քաղաքներում՝ Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Թուլուզում, Նանտում եւ Լիլում: Համերգային շրջագայությունը կմեկնարկի հունվարի 20-ին եւ կավարտվի փետրվարի 6-ին: Հատկանշական է, որ Ֆրանսիայում Ազնավուրը վերջին անգամ համերգներով շրջել է յոթ տարի առաջ:

Դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվում է, ռուբլու փոխարժեքն անփոփոխ է: Դոլարի փոխարժեքն օգոստոսի 25-ին կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 8 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 614 դրամ:

Օգոստոսի 26-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ օգոստոսի 28-29-ին 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +34+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ