News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Չոռնի Գագոն ծեծել է նախագահի թիկնապահին»: Դեկտեմբերի 6-ի առավոտյան «Ժամանակի» առաջին էջում տպագրված այս լուրը կայծակի արագությամբ տարածվեց երկրի ինտերնետային պարբերականներում ու սոցիալական կայքերում` երկրորդ պլան մղելով մնացած բոլոր իրադարձություններն ու անգամ Wikileaks-ի բացահայտումները: Մեր կայքում հայտնվելու պահից ընդամենը մեկ ժամվա ընթացքում այն կարդացվել էր արդեն ավելի քան հազար անգամ:

Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել, եւ ի՞նչն էր հատկապես հուզել հայկական բլոգոսֆերան ու համացանցի ընթերցող հասարակայնությանը: Այս հարցերի առավել սպառիչ պատասխանը մենք գտանք` հետեւելով Asekose.com կայքում ծավալված քննարկմանն ու ընթերցելով մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի մեկնաբանությունը: Վերջինս ներկայացնում ենք ամբողջությամբ:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին` «Կնդոյին» եւ դա արել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի միջոցով:

Իսկ հիմա դեպքերի մասին հերթականությամբ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ կարեւորագույն միջոցառման հրավիրատոմսերի ու տեղաբաշխման հարցով զբաղվել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավիրվածների թվում եղել է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով, սակայն չի մասնակցել համերգին:

Փոխարենը նրա տիկինն է ընկերուհու հետ գնացել համերգի: Էլիտար այս տիկնայք նստել են այն աթոռին, որի ուղիղ կողքը պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական արարողակարգի, նախագահի կողքին կարող են նստել վեհափառը, վարչապետը, ԱԺ նախագահը: Այս ավանդույթը պահելու համար արարողակարգային բաժնի պատասխանատու Արամ Կանդայանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստել: Տիկինը վիրավորվել է, քանի որ Հասմիկ Պողոսյանի տված հրավիրատոմսով այդ տեղը նախատեսված է եղել Երեւանի քաղաքապետի ու նրա տիկնոջ համար: Իր վրդովմունքը տիկին Բեգլարյանը փոխանցել է ամուսնուն:

Գագիկ Բեգլարյանն էլ` ինչպես իսկական հայ տղամարդ, ձեռնամուխ է եղել իր տիկնոջ «խաթրին կպած» ջահելին պատժելու գործին: Գնացել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ եւ խնդրել հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ:

Կարապետյանը Կանդայանին տեղեկացրել է, որ Բեգլարյանը ցանկանում է տեսնել իրեն: Կանդայանը հանդիպել է Բեգլարյանին եւ անակնկալ կերպով դեմքին հարված ստացել հենց մեքենայի մեջ` «դու ով ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստի» խոսքերի ուղեկցությամբ:

Այնուհետեւ մեքենան ուղեւորվել է Մետաքս, որտեղ արդեն դաժան ծեծի է ենթարկվել նախագահի նստավայրի աշխատակիցը: Այսինքն` Բեգլարյանը ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանին` պարզապես դա արել է միջնորդավորված ձեւով:

Ինչեւէ, ծեծից հետո Արամ Կանդայանը դեպքի մասին պատմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, որն էլ անմիջապես զանգահարել է Գագիկ Բեգլարյանին եւ կշտամբել` սանձարձակ պահվածքի համար:

Հետո այս ամենի մասին իմացել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա նախ Կարեն Կարապետյանից է բացատրություն պահանջել, որն էլ անմիջապես ասել է, թե սխալ է արել, դրա համար պատրաստ է դիմում գրել` աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Ասում են, որ արդեն Կարապետյանը հրաժարականի դիմումը գրել է:

Ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, ապա նրան նախագահի ողջ նստավայրը բոյկոտ է հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ